Չինաստանը 2020 թվականին աշխարհում կդառնա կինոարտադրության նոր խոշորագույն շուկա եւ միջազգային  կենտրոն։ Նման կանխատեսում է արել Չինաստանի տպագրության, հրատարակչությունների, ռադիոյի, կինոյի եւ հեռուստատեսության գործերով պետական վարչության ղեկավարի տեղակալ Չժան Հունսենը Հանչժոու քաղաքում ընթացող երիտասարդական կինոյի փառատոնի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Նրա խոսքով՝ մինչեւ 2020 թվականը Չինաստանում կլինի մոտ 60 հազար կինոթատրոն, կինոարտադրության տարեկան շրջանառությունը կկազմի 800 ֆիլմ, իսկ եկամուտը կարող է հասնել 70 մլրդ յուանի՝ ավելի քան 10 մլրդ դոլարի։

«2020 թվականին Չինաստանի կինոշուկան կդառնա աշխարհում ամենախոշորը»,– ասել է պաշտոնյան՝ ընդգծելով չինական կինոյի մրցունակության եւ ազդեցության ընդլայնման անհրաժեշտությունը։