Ակնկալում ենք նաև աշխատել Ֆրանկոֆոնիայի մի նոր հիմնարար փաստաթուղթ՝ Երևանյան Պակտ ստեղծելու ուղղությամբ, որտեղ կարող են համապարփակ կերպով ամրագրվել «Ապրել միասին» հասկացության սկզբունքներն ու արժեքները։ Այս մասին, նոյեմբերի 26-ին, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախարարական հանդիպման արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար, ՖՄԿ համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար,

Հարգելի՛ պարոն պետքարտուղար,

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր ստանձնելով Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահությունը՝ առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մադագասկարին նախագահության երկու տարիների ընթացքում իրականացված փայլուն աշխատանքների համար:

Ցանկանում եմ ի սրտե շնորհավորել տիկին գլխավոր քարտուղար Ձեզ՝ այն վճռականության, ակտիվության եւ հետեւողականության համար, որով Դուք առաջ եք մղում Ֆրանկոֆոնիայի առաջնայնությունները։

Տիկնայք եւ պարոնայք,

Հայաստանը հպարտ է, որ իրեն է վստահվել պատիվը՝ հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, որի հաջողությունն ապահովելու համար Հայաստանը մոբիլիզացրել է իր բոլոր հնարավորությունները։ Առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս գագաթաժողովի տեսանելիության ապահովմանը։

Գագաթաժողովը տեղի է ունենալու 2018թ․ հոկտեմբերի 11-12-ին։ Որպես XVII-րդ Գագաթաժողովի խորհրդանշան (լոգո)՝ ի շարունակություն Երեւանի նախարարական համաժողովի, ընտրվել է նուռը, որը հայկական մշակույթում խորհրդանշական համարում ունի։

Ցանկանում ենք, որ բարձրաստիճան այս հանդիպումը դառնա համախմբման մեծ իրադարձություն մշակութային ծրագրերի միջոցով, որի հիշարժան միջոցառումներից մեկը կլինի հոկտեմբերի 11-ին նախատեսված ֆրանկոֆոն հեղինակավոր երգիչների մասնակցությամբ գալա համերգը:

Նախատեսում ենք կազմակերպել նաեւ «Ֆրանկոֆոնիայի ավան», ուր համապատասխան տաղավարներով իրենց ժողովուրդների մշակութային բազմազանությունը, արհեստներն ու արվեստն են ներկայացնելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրները։ «Ֆրանկոֆոնիայի ավանը» տեղակայված կլինի մայրաքաղաքի կենտրոնում, Երեւանի սրտում, որի 2800-ամյակի տոնակատարությունները կնախորդեն գագաթաժողովին։

Տիկնայք եւ Պարոնայք,

Որպես գագաթաժողովի հիմնական կարգախոս, առաջարկում ենք «Ապրել միասին» թեման։ «Ապրել միասին՝ հարգելով մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրեւ խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։

Ակնկալում ենք նաեւ աշխատել Ֆրանկոֆոնիայի մի նոր հիմնարար փաստաթուղթ՝ Երեւանյան Պակտ ստեղծելու ուղղությամբ, որտեղ կարող են համապարփակ կերպով ամրագրվել «Ապրել միասին» հասկացության սկզբունքներն ու արժեքները։ Այս առումով ցանկանում ենք, որ Ֆրանկոֆոնիայի երիտասարդական ցանցը միանա այս գործընթացին եւ իր նպաստը բերի այս փաստաթղթի կյանքի կոչմանը։

Գագաթաժողովը կներառի այլ առաջնային թեմաներ նույնպես՝ մշակութային բազմազանություն, թվային ֆրանկոֆոնիա, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ինչպես նաեւ կայուն զարգացում, կլիմայական փոփոխությունների դիմակայում եւ այլն։

Գագաթաժողովի շրջանակներում կարեւոր միջոցառումների թվում մտադրություն ունենք կազմակերպել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորում։ Մեծապես կարեւորում ենք ձեռնարկատերերի ինստիտուցիոնալ եւ մասնագիտական կապերի ամրապնդումը եւ հույս ունենք, որ Երեւանում հնարավոր կլինի հիմքեր ստեղծել ֆրանկոֆոն գործարարների ցանցի մեկնարկի նպատակով։

Տիկնայք եւ պարոնայք,

Սրանք են Երեւանի գագաթաժողովի նպատակները։ Մենք ակնկալում ենք բոլորի հետ միասնաբար աշխատել Գլխավոր քարտուղարի, Մադագասկարի, Կազմակերպության բոլոր անդամ պետությունների ու կառավարությունների հետ՝ Երեւանի գագաթաժողովի հաջողությունն ապահովելու համար։

Առաջարկում եմ Ձեզ դիտել Երեւանի գագաթաժողովի նախապատրաստման մասին կարճ ֆիլմը, որը Ձեզ ընդհանուր պատկերացում կտա Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթաժողովը հյուրընկալող երկրի մասին, ինչպես նաեւ գագաթաժողովի անցկացման պայմանների, նիստերի անցկացման վայրի, ենթակառուցվածքների եւ գործնական այլ հարցերի վերաբերյալ։