Վրաստանի համար հակատանկային համալիրների առկայությունը նոնսենս է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ռուսական քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի Ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը՝ պատասխանելով այն հարցին, թե Թբիլիսին ինչ նպատակով է պատրաստվում ձեռք բերել ամերիկյան արտադրության Javelin հակատանկային հրթիռային համալիրները:

Նրա խոսքով՝ Javelin համալիրները մշակվել են միայն ամերիկյան բանակի համար, դրանք տեխնիկան խոցում են 2-ից մինչեւ 5 կմ հեռավորությամբ՝ կախված կոնկրետ մոդելի մոդիֆիկացիայից եւ տեխնիկական բնութագրերից: «Սա վկայում է այն մասին, որ վրացիները կարող են ցանկացած թիրախ մեծ խորությամբ խոցել: Այսինքն՝ ամերիկացիները վերցրել են հակատանկային զենքի մի մասը, իսկ երկուսը Վրաստանին են առաջարկել»,- նշեց փորձագետը՝ պարզաբանելով, որ Javelin-ի ավելի հզոր համալիրները, որոնք կարող են հարվածել առավել մեծ խորությամբ, ամերիկացիներն իրենց են պահել, իսկ թույլ հզորությամբ համալիրները, որոնք ոչ պակաս արդյունավետ են, առաջարկել են Վրաստանին եւ Ուկրաինային:

Փորձագետն ընդգծեց, որ դրա հետ մեկտեղ այս համալիրների ձռքբերումն ավելի շուտ, ուղղված է Ռուսաստանի դեմ, քանի որ Թբիլիսին պարբերաբար հայտարարում է, որ Կրեմլը թշնամի է, եւ դա միանգամայն ձեռնտու է ամերիկյան ղեկավարությանը:

Հիշեցնենք, որ ամերիկյան արտադրության Javelin հակատանկային հրթիռային համալիրների արժեքը Վրաստանի համար 75 մլն դոլար է կազմել: Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը Վաշինգթոն հարցում էր ուղարկել 410 Javelin հակատանկային հրթիռներ, նշանառու արձակման կայանքների 72 լրակազմ, 10 ուսումնական համալիրներ եւ դրանց համար 70 մարտական արկ ձեռք բերելու մասին: