Հայաստանում 2017 թվականի հունվար-մայիսին օգտատերերի սարքերի 68.85%-ը ենթարկվել է վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանն զբաղեցրել է 23-րդ տեղն աշխարհի երկրների շարքում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Գլոբալ հետազոտությունների եւ վերլուծությունների թիմի Եվրոպայի, Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներում հետազոտական կենտրոնի (EMEA Research Center of Global Research and Analysis Team (GREAT) of Kaspersky Lab) տվյալները։
Դրանք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ, որը բաշխված բարդ ենթակառուցվածք է՝ նախատեսված ամբողջ աշխարհում միլիոնավոր կամավոր մասնակիցներից կիբեռանվտանգության հետ կապված տվյալների անանուն հոսքերի մշակման համար։
Kaspersky GREAT-ի տվյալների համաձայն՝ վարակման սպառնալիքների ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժինը գրանցվել է Երեւանում՝ 69.21%։ Ցանկում հաջորդն են Արարատի մարզը (21.85% ցուցանիշով), Կոտայքի մարզը (19.68%), Լոռու մարզը (12.50%), եւ «առաջատարների» հնգյակը եզրափակում է Շիրակի մարզը (10.70%)։
Հայաստանի՝ վարակման սպառնալիքի ենթարկված տարածաշրջանների բաժինները
«Ցավոք, դեռեւս հիմնախնդիր է օգտատերերի մեծ մասի կողմից ոչ լիցենզիոն ծրագրերի օգտագործումը, ինչպես նաեւ պատշաճ հակավիրուսային ծրագրերի օգտագործման մշակույթի բացակայությունը: Շատերը նաեւ ոչ անհրաժեշտ լրջությամբ են մոտենում համացանցային անվտանգության կանոններին: Կարեւոր է ըմբռնել, որ հենց լիարժեք հակավիրուսային ծրագրերի կիրառումը, բոլոր լիցենզիոն ծրագրերի ժամանակին եւ կանոնավոր թարմացումները եւ թվային աշխարհում անվտանգության կանոններին հետեւելն է մեծապես նպաստում թվային չարագործների ոտնձգություններից զերծ մնալուն»,- պարզաբանում է Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։




























