Ախալքալաքի Շրջանային Ժողովի 5 հանձնաժողովները ձեւավորված են, նախագահներն ընտրված, հաղորդում է Jnews.ge-ն:
Նոյեմբերի 24-ին, Ախալքալաքի Շրջանային Ժողովի պատգամավորները փակ եւ գաղտնի քվեարկությամբ ընտրեցին հանձնաժողովների նախագահներին: Սակրեբուլոյում «Վրացական երազանք-դեմոկրատան Վրաստան» խմբակցության նախագահ Գայոս Լոմսաձեն ներկայացրեց իրենց կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներին, որոնք հանձնաժողովների նախագահներ ընտրվեցին պատգամավորների ձայների մեծամասնությամբ:
«Հայրենասերների դաշինք» խմբակցությունը ոչ միայն չառաջադրեց որեւէ մեկի թեկնածությունը, այլեւ ձեռնպահ մնաց քվեարկության ժամանակ:
Ախալքալաքի նորընտիր Շրջանայի Ժողովի երկրորդ նիստին ներկա էին 38 պատգամավորներից՝ 34-ը: Բացակա էին «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներ՝ Էդիկ Բերիկյանը, Հակոբ Չախմախչյանը, Օթար Երանոսյանը եւ «Հայրենասերների դաշինքից» Սարգիս Ուզունյանը:
Դահլիճում ներկա պատգամավորներից քվեարկությանը մասնակցեցին 30-ը: «Հայրենասերների դաշինքից» ընդդիմադիր պատգամավորներ՝ Զաքար Զաքարյանը, Սամվել Պետրոսյանը, Գենադի Էլիզբարյանը եւ Սիմոն Մանանյանը ձեռնպահ մնացին եւ չմասնակցեցին քվեարկությանը: 29 կողմ, 1 դեմ ձայներով թեկնածուները ընտրվեցին հանձնաժողովների նախագահներ:
– Ունեցվածքի կառավարման, բնապաշարների եւ ագրարային հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Անդրանիկ Մուրադյանը:
– Մանդատային, ընթացակարգային, իրավաբանական հարցերի եւ էթիկայի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Սիփան Շիպակցյանը:
– Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ ընտրվեց Սեդա Մելքումյանը:
– Տարածքա-տերիտորիալ պլանավորման եւ ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ ընտրվեց Մելքոն Մակարյանը:
– Սոցիալական հարցերի, մշակույթի, կրթության, սպորտի եւ երիտասարդական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Սարգիս Մելիքյանը:
Սակրեբուլոյի նիստի ավարտին «Դաշինքի» պատգամավոր Սամվել Պետրոսյանը խոսքի իրավունք խնդրեց: Նա հանդես եկավ առաջարկությամբ որպեսզի Ախալքալաքի Սակրեբուլոն նամակով դիմի Վրաստանի Կրթության եւ գիտության նախարարություն կապված նախարարի վերջին հրամանի հետ: Ըստ որի 2018 թվականին Վրաստանում դիմորդները միասնական ընդունելության ընտրովի առարկաների քննությունները պետք է հանձնեն վրացերենով:
Ըստ Պետրոսյանի, դիմորդները իրավունք ունեն քննություն հանձնելու վրացերեն, օսերեն, աբխազերեն եւ ադրբեջաներեն լեզուներով, իսկ հայերենով ոչ:
jnews.ge-ն համապատասխան հարցերով դիմել է իրավասու մարմինների: «Վրաստան Օնլայն» կայքում այսօր առավոտյան տարածած ինֆորմացիան նախարարի հրամանի մասին անհասկանալի է: Համապատասխան թեման ճշտելուց հետո կներկայացնենք առաջիկայում:




























