2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 451 հազար դոլարի չափով մոտ 19600 տոննա ծիրան։ Այս մասին  նոյեմբերի 27-ին՝ ԱԺ-ում «Ելք» դաշինքի առաջարկով «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրից Հայաստանի դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին» լսումների ժամանակ, ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նախորդ տարվա այդ նույն ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել մոտ 6 մլն դոլարի 6200 տոննա ծիրան։ «Այսինքն՝ Հայաստանից Ռուսաստան ծիրանի արտահանումը 3.8 անգամ կրճատվել է, իսկ գնային առումով՝ 5.8 անգամ»,– նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ քիչ է, որ Հայաստանը չի ամրացրել իր դիրքերը ռուսական շուկայում, մի բան էլ սկսել է կորցնել դրանք։

Միաժամանակ Փաշինյանը նշեց, որ ԵՏՄ–ում Հայաստանի անդամակցության առաջին տարում օտարերկրյա ներդրողները երկրում 164.7 մլրդ դրամի ներդրում են կատարել, իսկ երկրորդ տարում՝ 118.4 մլրդ դրամի, իսկ երրորդ տարում՝ 81 մլրդ դրամի։