ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանն այսօր լրագրղների հետ հանդիպմանը հայտնել է, որ Սիսիանում ներկայումս չկան դիզենտերիայով վարակված, ծանր վիճակում գտնվող երեխաներ:

Հիշեցնենք, որ Սիսիանի թիվ 4 նախակրթարանի 25 երեխա տեղափոխվել էր հիվանդանոց՝ սննդային թունավորմամբ: Ըստ համաճարակաբանների՝ հիվանդության առաջացման հիմնական պատճառը եղել է մսի պահպանման կանոնների խախտումը. Երեխաներին ժամկետանց մսով տոլամ էին հրամցրել:

Արա Ասոյանը նաեւ նշել է, որ երեխաները դեռ շարունակում են մնալ հիվանդանոցում՝ ելնելով հակահամաճարակային ծառայության պահանջներից:

Իսկ թիվ 4 նախակրթարանի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հայկ Դարբինյանի փոխանցմամբ՝ թունավորման կապակցության հետաքննություն է սկսվել, սակայն դեռ որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: