Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստն այսօր` նոյեմբերի 27-ին, կրկին կես ժամ ուշացումով սկսվեց: Նիստը նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ նիստն ուշացումով սկսելու պատճառը վկաների` դատարան չներկայանալն է: Դատարանը հայտարարեց, որ ռազմական ոստիկանությունը կրկին վկաների ներկայությունը դատարանում չի ապահովել: Ծառայության մեջ գտնվող 6 վկաներից միայն Դավիթ Դավթյանի հետ է հաջողվել դատարանին կապ հաստատել, որը հայտարարել է, որ ծառայության մեջ է եւ 15 օրվա ընթացքում չի կարողանա ներկայանալ դատարան:
Այսօրվա նիստին հարցաքննվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարներից, գործով վկա Արթուր Զարաֆյանը: Նա նշեց, որ այժմ էլ է ծառայում Հայաստանի զինված ուժերում, ճանաչում է ամբաստանյալներին, ճանաչել է նաեւ սպանված Հայկազ Բարսեղյանին: Նա եղել է ամբաստանյալներից Գնել Թեւոսյանի եւ Նորիկ Սահակյանի դասակի հրամանատարը: Խոսելով կուրսանտի սպանության օրվա մասին, նա նշեց, որ դեպքի գիշերը զորամասում չի եղել, 2015թ. հունվարի 28-ի առավոտյան զանգել են իրան եւ ասել. «Ավետիսյանն ա զանգել ինձ, ասել` Հայկազը կախվել է, շտապ արի զորամաս, ես անմիջապես զորամաս եմ մեկնել: Ննջասենյակ եմ բարձրացել, արյունոտ անկողինն եմ տեսել, դուրս եմ եկել, արդեն խառնաշփոթ էր, անձնակազմին չէինք կարողանում հավաքել, դրանից հետո իրավապահ մարմինները եկան, շարահրապարակում անձնակազմը կանգնեցրինք, որից հետո դասերի եմ տարել նրանց: Հետո զանգել է գումարտակի հրամանատարը, ասել, որ Թեւոսյանին եւ եւս երկու հոգու, չեմ հիշում` ում, տանեմ գումարտակ` իրավապահ մարմինների մոտ»,-պատմեց նա:
Բնութագրելով ամբաստանյալներին եւ սպանված կուրսանտին, նա նշեց, որ Հայկազ Բարսեղյանը շատ լավ կուրսանտ է եղել, նրա հետ խոսել է դեպքից մեկ օր առաջ. «Մի օր առաջ տարել եմ եկեղեցի, թույլտվություն ա ինձնից վերցրել, խանութ է գնացել, տրամադրությունը լավ է եղել: Եկեղեցու բակում ծառայության մասին ենք խոսել, շատ գոհ էր, դժգոհություններ չի հայտնել»:
Նրա խոսքով, ամբաստանյալներից Գնել Թեւոսյանը եւս նորմալ է սովորել, եղել է ջոկի հրամանատար եւ այդ առումով որոշակի արտոնություններ է ունեցել. «Կարող է նաեւ բացակայեր, բայց գնացել ա իր հոր մոտ, ինձնից է թույլտվություն վերցրել ու գնացել է իր հոր կաբինետ: Թեւոսյանն իմ դասակից է եղել, սովորելու առումով թույլ ա եղել, նորմալ հարաբերությունների մեջ ենք եղել, իսկ մյուս զինծառայողների հետ գերիշխող դիրք չի ունեցել, եղել է ջոկի հրամանատար եւ որոշ արտոնություններ ունեցել: Նորիկ Սահակյանը եւս իմ դասակից է եղել, գերազանց սովորել է, եղել է ջոկի հրամանատար եւ խնդիր չի ունեցել, Ազարյանը թույլ սովորող է եղել, կանչել ենք, բացատրել ենք, գիշերները նստել, սովորել է, որ հասցնի գնահատականները: Վաչեն իմ դասակից չի եղել, շփումը քիչ է եղել, նորմալ տղա է եղել: Վարազդատ Սաֆարյանն իմ զինծառայողը չի եղել, չեմ կարող բնութագրել նրան»,-ասաց նա:
Վկայի խոսքով, տարբեր խոսակցություններից է լսել, որ Հայկազ Բարսեղյանն ինքնասպան չի եղել, այլ սպանել են. «Խոսակցություններից հասել ա ինձ, որ Հայկազ Բարսեղյանին սպանել են, ես անձամբ տեղում չեմ եղել: Հերթապահ Մխիթարյանին հարցրել եմ` ինչ ա եղել, ասել ա` ոչ տեսել է, ոչ էլ խաբար է` ինչ է եղել: Իսկ քննիչը երբ տեսավ այդ տեսարանը, միանգամից ասաց` սպանել են, չէր կարա սենց կախվեր, ինչքան հիշում եմ` Հայկազի ոտքը գետնին կպած էր եղել, դրա համար ասաց քննիչը»:
Վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների միջեւ եղած հակասությունների հիմքով դատարանը որոշում կայացրեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը: Նա պատմել է, որ Հայկազին սպանության օրը տեսել է բարձր պտտաձողից կախված. «Դեռեւս մութ էր, չեմ տեսել, թե ինչ է հագած եղել, միայն նկատել եմ ձմեռային զինվորական հագուստը: 408 ննջարանում տեսել եմ Բարսեղյանի անկողինը` ամբողջությամբ արյունով ներծծված: Հետո լսել եմ, որ Վաչեն, Գնելը, Նորիկը եւ Մովսեսն են սպանել Հայկազին»:
Հարցին` ինչու են գործով ամբաստանյալներ Գնել Թեւոսյանն ու Մովսես Ազարյանը սպանության օրվա վաղ առավոտյան զանգել իրեն, վկան պատասխանել է. «Ես չգիտեմ, թե ինչու են զանգել, բայց ես նրանց հետ հեռախոսային զրույց չեմ ունեցել»: Ավելի ուշ, հեռախոսային վերծանումներից հետո պարզվել է, որ 27 վայրկայն հեռախոսային զրույց է եղել ամբաստանյալներից Մովսես Ազարյանի եւ վկայի միջեւ, որի առնչությամբ վկան պատասխանել է. «Շատ հուզված եմ եղել, անգամ ծնողներս էլ զանգած լինեին` չէի հիշի, որ խոսել եմ»:
Բացի այդ վկան պատմել է, որ գործով ամբաստանյալների եւ կուրսանտ Տիգրան Մանասերյանի միջեւ այդ օրերին վիճաբանություն է եղել, ինքը սպայական սենյակում է եղել, երեկոյան է եղել, միջանցքում գոռգոռոցներ է լսել, քաշքշուկ է եղել, որից հետո նրանց կանչել է իր սենյակ եւ զրուցել հետները:
Հարցին` ում թույլտվությամբ է Գնել Թեւոսյանը հաճախակի բացակայել զորամասից, նաեւ առանց թույլտվության, վկան պատասխանել է. «Զորամասի հրամանատարներից է եղել նրա հայրը`Զարմիկ Մարկոսյանը, եւ կարծել եմ, որ նրա` տանը գտնվելու հանգամանքի մասին գիտեն եւ այդ պատճառով էլ բան չեմ ասել, նրա հայրը վերադաս դիրքում էր, նրա հայրն է եղել պատասխանատուն»:
Հաջորդ դատական նիստին վկաների ներկայությունը դատարանում ապահովելու համար դատարանը կրկին կդիմի ռազմական ոստիկանությանը:
Դատական նիստը հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 4-ը:
Այս գործով վկաների հարցաքննության փուլն է, կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատակոչված 30 վկա կա, որոնցից 5-ը դատարանում դեռ ցուցմունք չի տվել: Նրանք զինծառայողներ են, իսկ առանցքային վկաներից մեկը՝ Սամվել Սերոբյանը, զորացրվել է եւ այս պահին արտերկրում է:
Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:




























