Դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը առողջարանում է գտնվում եւ իրեն լավ է զգում, հայտնել է ռեժիսորի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Արմեն Բորիսովիչն իրեն հոյակապ է զգում եւ այժմ առողջարանում է»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե որտեղ է գտնվում այդ բուժական հաստատությունը:

Մոսկվայի Կունցեւոյի շրջանի հաշտարար դատարանի 202-րդ տեղամասը նոյեմբերի 27-ին դատական փակ նիստում պաշտոնապես լուծարել է Ջիգարխանյանի եւ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնությունը: Նրանք ամուսնացել էին 2016 թվականի փետրվարի 25-ին:

Փաստաբան Եվգենի Պարֆյոնովը հայտնել է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ամուսնալուծությանը չի առարկել: «Եթե մեկ ամսվա ընթացքում կողմերից ոչ մեկը չբողոքարկի ամուսնալուծության որոշումը, ապա այն օրինական ուժի մեջ կմտնի»,- ասել է պաշտպանը՝ հավելելով, որ ռեժիսորն այսօրվա որոշումից ուրախ կլինի»: Պարֆյոնովը նաեւ հայտարարել է, որ հիմա արդեն նախկին կնոջ եւ Ջիգարխանյանի միջեւ ունեցվածքին վերաբերող վեճերն են մնացել, որոնք առնչվում են դրամական միջոցներին եւ գույքին, եւ դատարանում կլուծվեն մոտ ժամանակներս:

Փաստաբանը հայտնել է, որ Ջիգարխանյանը նախկինում Մոսկվայի կենտրոնում Ստարոկոնյուշենի նրբանցքի բնակարանի իր մասը վաճառել է, սակայն գործարքից ստացած դրամական միջոցների մի մասը «Վիտալինան հաշվից հանել է»: «Բնակարանը վաճառելու պահից սկսած 2 ամսում նա հանել է 4 մլն ռուբլի»,- ասել է Պարֆյոնովը: