Նիսի դատախազությունը բողոքարկել է ռուսաստանցի գործարար եւ ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Սուլեյման Քերիմովին գրավով ազատելը: Այս մասին հայտնել է Նիսի դատախազ Ժան Միշել Պերտրը, փոխանցում է Nice Matin պարբերականը:
«Դատախազությունն անհրաժեշտ է համարում, որպեսզի պարոն Քերիմովը մնա նախնական կալանքի մեջ»,- նշել է նա: Եթե միջնորդությունը չբավարարվի, Նիսի դատախազը ծայրահեղ դեպքում «իրավաբանական հսկողության ուժեղացված միջոցառումների» հույս ունի:
Դաղստանից 51-ամյա սենատոր Սուլեյման Քերիմովը, որի կարողությունը գնահատվում է 6,3 մլրդ դոլար, նոյեմբերի 20-ին ձերբակալվել է Նիսի օդանավակայանում: Ֆրանսիայի իշխանությունները նրան կասկածում են դրածո ընկերությունների միջոցով Լազուրե ափին անշարժ գույք գնելիս հարկերի վճարումից խուսափելու մեջ: Քերիմովի դեմ պաշտոնական քննություն է սկսվել:
Նոյեմբերի 22-ին ռուսաստանցի ձեռներեցին 5 մլն եվրո գրավի դիմաց կալանքից ազատել են՝ նրան արգելելով մինչեւ քննության ավարտը Մերձծովյան Ալպեր դեպարտամենտից հեռանալ եւ շփվել այն մարդկանց հետ, որոնք մտնում են Ֆրանսիայի արդարադատության մարմինների կազմած ցուցակում:




























