Մինչեւ վերջերս ունեինք եկամուտների ու գույքի հայտարարագրում, բայց չունեինք դրանց ուսումնասիրման մեխանիզմները. հիմա ներդրել ենք այդ մեխանիզմները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի արդյունքները ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում նշել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով, բացի այդ, ներդրվել են մեխանիզմներ, որոնք թույլ չեն տալիս որոշակի գումարից բարձր գումարի դեպքում կանխիկ գործարքներ կատարել, այդ թվում դատավորների համար. «Դրանք կանխարգելում են կոռուպցիան երեւույթները»,-ասաց նախարարը:
Համեմատություն անցկացնելով Հայաստանի եւ այլ երկրների դատավորների միջեւ, Դավիթ Հարությունյանն ասաց. «Նույնիսկ դատավորների քանակով եվրոպական երկրների համեմատ մենք մեզ շատ համեստ ենք պահում: Համադրեք Հայաստանում եւ այլ երկրներում դատավորի միջին աշխատավարձը՝ բաղդատված այդ երկրում միջին աշխատավարձի հետ եւ կտեսնեք, որ այս առումով եւս շատ համեստ վիճակում ենք»:
Նա նշեց, որ այդուհանդերձ, արդյունքներն իրենց չեն բավարարում եւ իրենք անընդհատ նորանոր ծրագրեր ու քայլեր են իրականացնում:
Նշենք, որ ԵՄ աջակցությամբ ՀՀ-ում 2016-ից իրականացվում է «Արդարադատության մոնիտորինգ» ծրագիրը: Այսօր ներկայացված մոնիտորինգի արդյունքներով փորձագիտական խումբը եկել է եզրակացության, որ դատական հայցերի թիվը անհամարժեք է դատավորների քանակին, նման ծանրաբեռնվածության դեպքում անհնար է արդարադատության բարձր որակ ապահովել:




























