Սամվել Բաբայանին 6 տարով ազատազրկելու վերաբերյալ դատարանի վճիռը մասամբ սպասելի էր, մասամբ ոչ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Բաբայանի եւ մյուսների գործով դատավճռի հրապարակումից հետո հայտարարեց փաստաբան Ավետիս Քալաշյանը:

«Եթե ի սկզբանե Սամվել Բաբայանին նման մեղադրանք էին առաջադրել, ուրեմն, իմ կարծիքով, պետք է կայացվեր մեղադրական դատավճիռ: Ինչ վերաբերում է պատժաչափին, ապա եթե դատարանը գտել էր, որ Բաբայանը մեղավոր է իրեն մեղսագրված արարքներում, ապա իմ համոզմամբ, շատ խիստ պատժաչափ սահմանեց», - ասաց Քալաշյանը՝ հավելելով, որ նման պաժաչափը միտում ունի, որ եթե հետագայում համաներում լինի, դա չտարածվի Սամվել Բաբայանի վրա:

Քալաշյանը տեղեկացրեց, որ անպայման բողոքարկելու է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ անհրաժեշտության դեպքում հասնելու են մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Միանշանակ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ դատարանում Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ իր առաջին հարցաքննությանը 2-3 ժամ քաղաքական բնույթի հարցեր են տվել, եւ դրան ներկա է եղել իր փաստաբանը, Քալաշյանն արձագանքեց, որ ինքը նման հարցաքննության ներկա չի եղել. «Ես նրա առաջին իսկ հարցաքննության ժամանակ ներկա եմ եղել, բայց իմ ներկայությամբ նման խոսակցություն չի եղել: Միգուցե նա ուրիշ բան է նկատի ունեցել»:

Հարցին, թե հնարավո՞ր է Բաբայանը ներման խնդրագիր ներկայացնի նախագահին, փաստաբանը պատասխանեց. «Ներման մասին մենք առայժմ որեւէ պլաններ չունենք, պետք է բողոքարկվի դատական ակտը: Բոլոր այն իրավական հնարավորությունները, որ ունենք այս դատական ակտը բեկանելու ու արդարության հասնելու, պետք է օգտագործենք: Ներումը միայն այն դեպքում կլինի, երբ բոլոր իրավական հնարավորությունները սպառվեն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով այսօրվա՝ նոյեմբերի 28-ի դատական նիստում Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ամբաստանյալների դատավճիռները:

Ըստ այդմ, Սամվել Բաբայանը, ով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասի (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) հատկանիշներով, մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։