Հայաստանի եւ ԵՄ հետ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության պայմանագրի ստորագրումից հետո պետք է երկար ճանապարհ անցնել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Փորձագետի կարծիքով՝ այդ պայմանագրի իրագործման համար կողմերը դեռ երկար ճանապարհ պետք է անցնեն. «Դա, ընդհանուր առմամբ,  շրջանակային համաձայնագիր է: Այսինքն՝ դեռ յուրաքանչյուր ոլորտ, որոնք 7-ն են, առանձին համաձայնագրերով պետք է վավերացվեն», - նշել է փորձագետը՝ հավելելով, որ անհրաժեշտ է նկատի առնել այն փաստը, որ գործընկերության մասին պայմանագիրը հաշվի է առնում իրականությունը, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը։ Բացի այդ, տվյալ համաձայնագիրը, ըստ նրա, բաղկացած է 386 հոդվածից եւ դա պետք է վավերացնեն Եվրոպական միության բոլոր 28 երկրները, ինչպես նաեւ եվրոպական երկու կառույցներ ու նաեւ Հայաստանը: Հետեւաբար, Արա Պապյանի կարծիքով, պետք չէ սպասել արագ եւ կայուն փոփոխությունների: