Հայաստանում տրանսպորտի ոլորտը վնասով չի աշխատում։ Այս մասին նոյեմբերի 28-ին լրագրողներին ասել է «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը։
Նրա խոսքով՝ մեկ միկրոավտոբուսը օրական 30 հազար դրամ եկամուտ է ապահովում։ «Միկրոավտոբուսների հարկը ֆիքսված է։ Այսպես՝ մեկ միկրոավտոբուսի համար 300 դրամ է վճարվում»,– նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ երթուղային գծերի տերերը դրա հաշվին հսկայական շահույթ են ունենում։
Միաժամանակ նա նշեց, որ տրանսպորտային ոլորտում բարեփոխումների իրականացումից հետո հասարակական տրանսպորտով երթեւեկության գինը զգալիորեն կաճի եւ կկազմի՝ 200-250 դրամ։ Բացի այդ, փորձագետը կարծում է, որ Հայաստանում սոցիալական պայթյուն տեղի կունենա, եթե միկրոավտոբուսները փոխարինվեն ավտոբուսներով եւ տրոլեյբուսներով։ Դա կհանգեցնի միկրոավտոբուսների վարորդների զանգվածային գործազրկության։ Նրանց թիվը կարող է հասնել 2500–ի։




























