«Պետք է հավատալ, որ հասարակության մեջ նոր երփեղկվածություն չի լինի»,- սեպտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսում, խոսելով հայ- թուրքական հարաբերությունների մասին, հույս հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը։ Նշելով, որ իրեն իրավունք չի վերապահում ստեղծված քաղաքական իրավիճակի մասին կարծիք հայտնել՝ նա միայն հույս հայտնեց, որ «լավ կլինի, եթե առավելագույն շահույթով դուրս գանք այս գործընթացից»՝ ոչ մի դեպքում ոտնատակ չանելով ազգային արժանապատվությունը։
Ասուլիսի մյուս բանախոս Ռազմիկ Դավոյանն իր հերթին խոստովանեց, որ օգոստոսի 31-ին հրապարակված արձանագրությունները անհանգստանալու հիմքեր, ճիշտ է, տալիս են, բայց «պետք չէ խուճապի մատնվել»։ Նրա խոսքերով, «չպետք է վախենալ, որ թուրքերը կխաբեն մեզ», ավելին, վաղուց ժամանակն է ազատվել խաբվողի բարդույթից։ Իշխանությունների քայլը որակելով իբրեւ «խիզախություն»՝ Ռ. Դավոյանը կոչ արեց «աղոթել, որ ամեն ինչ լավ ստացվի»։
Վերջում անդրադառնալով «Ժառանգության» ներկուսակցական խմորումներին՝ Ե. Մանարյանը նշեց, որ իշխանությունը միշտ էլ սողոսկելու տեղեր գտնում է, իսկ Ռ. Դավոյանը համոզմունք հայտնեց, որ «Ժառանգության» պառակտումն իշխանության ձեռքի գործը չէ։



















