Իռլանդիայի փոխվարչապետ Ֆրանսիս Ֆիցջերալդը նոյեմբերի 28-ին հրաժարական է տվել ընդդիմադիր «Ֆիաննա ֆոյլ» կուսակցության պահանջով, հայտնում է DW–ն։
Դա թույլ է տվել խուսափել արտահերթ խորհրդարանական ընտրություններից, քանի որ ընդդիմադիրները միայն հրաժարականից հետո են համաձայնել հետ կանչել կառավարությանն անվստահության քվե հայտնելու մասին բանաձեւը։
«Ֆիաննա Ֆոյլ» կուսակցության պահանջները պայմանավորված էին 2015 թվականին բռնկված ոստիկանական սկանդալով։ Ընդդիմությունը պնդում է, որ Ֆիցջերալդը, լինելով արդարադատության նախարար, տեղյակ է եղել իրավապահ մարմիններում չարաշահումները բացահայտած ոստիկանական աշխատակցին վարկաբեկելու մասին Իռլանդիայի ոստիկանության ղեկավարության մտադրության մասին, սակայն ոչինչ չի ձեռնարկել։
Ֆրանսիս Ֆիցջերալդը նշել է, որ հրաժարականի որոշում է կայացրել՝ երկրի շահերը սեփական հեղինակությունից վեր դասելով։




























