ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագիր կնքելով Հայաստանը ինքնուրույնության տեսանկյունից անհամեմատ ավելի շահեկան դիրքում է հայտնվում, քանի որ մանեւրելու հնարավորություններ է ստանում: Այս մասին նշել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ «Անկախ»-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ու Եվրամիության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին:
«Շատ կարեւոր է, որ մենք, լինելով ԵՏՄ անդամ, դարձանք նաեւ Եվրամիության ասոցացված անդամ: Դա ոչ միայն մեզ, այլեւ ընդհանրապես աշխարհին մի նոր ճանապարհ է ցույց տալիս, եւ ես կարծում եմ, որ եթե, օրինակ, Ուկրաինան ժամանակին գնար այս ճանապարհով (մի երկիր, որի տնտեսությունը էապես կախված էր Ռուսաստանից, բայց որն ուզում էր մոդեռնիզացնել իր տնտեսությունը, եվրոպական արժեքներ ներմուծելով՝ բարեփոխումներ մտցնել իր երկրում), ապա հիմա ե´ւ Ղրիմը իրենը կլիներ, ե´ւ պատերազմ չէր լինի Լուգանսկում ու Դոնեցկում, ե´ւ երկիրն այսպիսի խառնաշփոթ վիճակում չէր հայտնվի: Միաժամանակ ուզում եմ նշել, որ սա պատմական նշանակություն ունի Հայաստանի համար, որովհետեւ հազարամյակների ընթացքում մեզ մոտ միշտ եղել է «կա´մ, կա´մ». կա´մ Պարսկաստան, կա´մ Բյուզանդիա, կա´մ Ռուսաստան, կա´մ Թուրքիա, կա´մ սա, կա´մ նա, եւ մենք միշտ տուժել ենք դրանից: Առաջին անգամ մենք այդ բանաձեւը դարձրեցինք «ե´ւ, ե´ւ»,-ընդգծել է Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով, ԵՄ-ի հետ համաձայնագիրն առաջին հերթին ուժեղացնում է մեր անկախությունը, որովհետեւ ցանկացած միության մեջ մտնելով՝ բնական ձեւով որոշակիորեն սահմանափակում ես քո ինքնուրույնությունը, փոխարենը ստանում ես որոշակի առավելություններ. «Նոր համաձայնագիրը նաեւ հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ դարձնել պետական, մասնավոր կառույցների գործունեությունը, բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունն ու ազատությունները մեր երկրում»:
Ինչ վերաբերում է տնտեսական կողմին, որոշ քաղաքական ու տնտեսական բացասական կանխատեսումներին, Վազգեն Մանուկյանը նշել է. «Չի կարող պատահել, որ որեւէ համաձայնագիր միայն օգուտներ բերի: Որոշ դեպքերում լավ կլինի, որոշ դեպքերում՝ ոչ այնքան, եւ մեծ ճկունություն ու խելք է պահանջվում, որպեսզի այդ երկու հնարավորությունից էլ կարողանաս օպտիմալ ձեւով օգտվել:
Ու հիմա նշել մեկի առավելությունը կամ մյուսի թերությունը խելոք մարդու խոսակցություն չէ: Խելոք մարդը նա է, ով կարողանում է այդ երկու մեծ հնարավորությունից էլ օգուտ քաղել: Դա արդեն Հայաստանի իշխանությունների եւ հասարակության անելիքն է, որոնք պետք է մեծ ջանքեր, ճկունություն դրսեւորեն, որպեսզի կարողանան այդ երկուսից էլ օգտվել: Ես շատ լավատես եմ եւ կարծում եմ, որ սա մի նոր ճանապարհ է, որը մեծ առավելություններ կտա մեզ»:
Հանրային խորհրդի նախագահը կարծիք է հայտնել, որ հիմա Եվրամիության հետ կնքած այս համաձայնագրով մեր ազդեցությունն ու դերը աշխարհում ավելի է մեծանում:




























