Հայաստանն այս պահին չունի այլ անվտանգային մարմնի անդամակցելու օրակարգ: Երբ որ մենք կունենանք նման այլընտրանք առաջարկելու եւ ՀԱՊԿ-ն դրան կխանգարի, մենք կքննարկենք այդ հարցը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Հայաստանի մասով ԵՏՄ-ի պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ նշել է հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու «Ելք»-ը խնդիր չի դնում Հայաստանի՝ ԱՊՀ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է ԱՊՀ-ին, նա նշեց. «ԱՊՀ անդամակցությունը չի սահմանափակում Հայաստանի տնտեսական ազատությունները: Մենք որեւէ խնդիր չենք տեսնում Հայաստանի՝ ԱՊՀ-ի անդամակցության մեջ, քանի որ դա Հայաստանի շահերը չի ոտնահարում: ԱՊՀ-ի անդամ երկրներ կան, որոնք հակահայկական մոտեցումներ ունեն, բայց մեր հարցը ԵՏՄ-ում է, ԱՊՀ-ի մակարդակում մենք խնդիր չունենք: Այս նախաձեռնությունը վերաբերում է Հայաստանի տնտեսական ազատություններին, իսկ ԵՏՄ համաձայնագիրը սահմանափակում է Հայաստանի ազատությունը այլ երկկողմ համաձայնագրեր կնքելու իմաստով»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն էլ նշեց, որ  այս կառույցներից որևէ մեկից դուրս գալը նույն բանն է, նույն կերպ է ընկալվելու Ռուսաստանի կողմից. «Ավելի նպատակահարմար կլիներ այլընտրանքային բանակցություններ վարվեին, ճանապարհներ գտնվեին, Հայաստանն իրոք ունենար այլընտրանք, նոր այս հարցը բարձրացվեր, այլապես՝ բոլորի կողմից դիտարկվելու է Հայաստանի հեռացում»: