Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստում ոստիկան վկաների հարցաքննությունն ընթացավ աշխույժ մթնոլորտում: Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսին Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։ Ոստիկանության ՊՊԾ գնդի տեսուչ Ներսես Հակոբյանը  անգիր արտասանեց ցուցմունքի տեքստը, որին հաջորդեց դատավորի, մեղադրող դատախազի, ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանի եւ պաշտպանների հարցաքննությունը։

Ներսես Հակոբյանը հուլիսի 29–ին վաղ առավոտից ծառայություն է իրականացրել։ Նախ Խորենացի փողոցում է եղել, հետո՝ Ազատության հրապարակում։  Ինչպես բոլոր ցուցմունք տվող ոստիկանները, նրա տեսածն ու լսածն էլ միայն ոստիկանների ուղղությամբ նետվող քարերի, շշերի անգամ անվադողերի մասին էր։Նա ցույցի մասնակիցներից հիշում էր միայն Անդրիաս Ղուկասյանին, Արմեն Մարտիրոսյանին եւ Դավիթ Սանասարյանին։ 

Ոստիկանների օգտին ամենաանէական մանրուքները «վերհիշող» ոստիկանն այդպես էլ  չկարողացավ հիշել  ամբողջ ցույցի ընթացքում Արմեն Մարտիրոսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի  բարձրախոսով հնչեցրած այն կոչերը, որ ցուցարարները հեռու մնան սադրանքներից։

 Դատախազի հարցին, թե ինչ առարկաներ են նետվել ոստիկանների ուղղությամբ, վկա ոստիկանը պատասխանեց. «Տարբեր առարկաներ, քարեր, շշեր անգամ անվադողեր... ընդհանուր ոստիկանությամբ ուղղությամբ, իմ ուղղությամբ քարերը չեն եկել»։ Անվադողեր նետելու մասին հայտարարությունը շարժեց  բոլորի, այդ թվում դատավոր Վարդան Գրիգորյանի հետաքրքրությունը։ Նրանք փորձում էին հասկանալ՝ այդ անվադողերը ինչպես էին գործադրվում ցուցարարների կողմից։

Անդրիաս Ղուկասյանը, որն ամենաշատ հարցերն ուղղեց վկային,  հետաքրքրքվեց՝ վառում նետո՞ւմ էին, ինչը բարկացրեց դատավորին։ Վերջինս Ղուկասյանին մեղադրեց  ոստիկան վկային շանտաժի ենթարկելու մեջ։ Խաչաձեւ հարցերից պարզվեց վկան ընդամենը տեսել է, որ «մի անձնավորություն անվադողով անցել է զայրացած ամբոխի» մոտով։

Նրա տեսած կարեւոր հանգամանքներից էր այն, որ տեսել է՝ ինչպես են տարբեր վնասվածքներով ոստիկաններին տեղափոխում բուժկետ։ Իր առաքելության մասին պատմելով՝ նա նշեց, որ քաղաքացիներին ոստիկանության բաժիններ տանելիս՝ նրանք անկանոն շարժումներից ինքնավնասում էին իրենց. «Մենք նրանց զգուշությամբ նստեցնում էինք մեքենաների մեջ եւ տանում բաժիններ։ Զգուշությամբ շեշտեցի, քանի որ ցույցերի ժամանակ նրանք անկանոն շարժումներ են կատարում, որի արդյունքում վնասվածքներ են ստանում, հետագայում դրանց մեջ մեղադրում են ոստիկանին»։ 

Երբ Անդրիաս Ղուկասյանը հետաքրքրվեց իրենց բերման ենթարկած յոթ քաղաքացիներն ինչու էին անկանոն շարժումներ անում, ոստիկան վկան անկանոն շարժումներ անելով պոռթկած. «Էդ որ մեկը ոստիկանի ձեռքն ընկնի անկանոն շարժում չի անի»։ Նրա  խոստովանությունը շարժեց ներկաների ծիծաղը։ 

Առհասարակ նրա ցուցմունքի ընթացքում ներկաները անկարող էին զսպել ծիծաղը։ Նա, բացի ոստիկանների նկատմամբ «բռնությունները» վերհիշելուց, մերթ ընդ մերթ քաղաքական մեկնաբանություններ եւ վերլուծություններ էր անում։ 

Երբ պաշտպան Ինեսա Պետրոսյանը հարցրեց՝  ենթադրություննե՞րի հիման վրա է նման վերլուծություններ ու պնդումներ անում, վկան չհերքեց։ Այս երկխոսությունից դատավոր Վարդան Գրիգորյանի  եւ մեղադրող դատախազ  Պետրոս Պետրոսյանի նյարդերը տեղի տվեցին։ Նրանք հունից դուրս էին գալիս ու հարցերից պաշտպանում վկային։

Հարցաքննվող մյուս ոստիկան Լավրենտի Գալստյանը, ինչպես իր գործընկերը միայն հիշում էր, որ ցուցարարները Սարի թաղում փողոցի աջ ու ձախ  կողմերում քարեր են կուտակել ոստիկանների ուղղությամբ նետելու նպատակով, բացի այդ  ենթադրում էր, որ ցուցարարները ցանկացել են միանալ ՊՊԾ գնդում գտնվողներին, տիրանալ զինանոցին, որպեսզի վնասեն ոստիկաններին։ Նրա հիշողությունից չէր խամրել նաեւ մի չափազանց կարեւոր հանգամանք՝ Սարի թաղում Նաիրա Զոհրաբյանն էլ է եղել ու կոչ է արել եղբայրներին համախմբվել։ Դահլիճում գտնվողները ենթադրեցին, որ նա նկատի ունի «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանին։