Երեւանի ավագանու այսօրվա՝ նոյեմբերի 29-ի, նիստին ավագանու «Ելք» խմբակցությունը ՀՀԿ խմբակցությանը մեղադրեց Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան փողոց անվանակոչելու իրենց նախաձեռնության մեջ «փայ» մտնելու մեջ: «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը դիմելով քաղաքապետ Տարոն Մագարյանին նշեց. «Ինչու, երբ մենք առաջարկել էինք, որպեսզի Իսակովը Լենինգրադյանին կապող նորակառույց փողոցը անվանվի Մոնթե Մելքոնյանի անունով, դեմ էիք, իսկ հիմա որոշեցիք փայ մտնել մեր նախաձեռնության մեջ»:
Ի պատասխան Տարոն Մարգարյանն ասաց. «Ես չեմ ուզում ձեր օգտագործած բառն ասել, բայց մենք ուսումնասիրել ենք նոր կառուցված փողոցը եւ հասկացել, որ Մոնթե Մելքոնյանի անունով պետք է անվանակոչել այդ փողոցը»:
Ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն էլ նշեց, որ հայ ժողովրդի համար Մոնթե Մելքոնյանը մեծ նշանակություն ունի եւ նրա անունով ծայրամասային փողոց անվանակոչելն անթույլատրելի է. «Մենք ապրում ենք մի երկրում, որի պաշտպանության նախարարի ձեռքերն ավելի նուրբ ու փափուկ են, քան կին վիրաբույժի ձեռքերը: Բայց Մոնթե Մելքոնյանը, բոլորս էլ գիտենք, թե ինչ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի համար եւ կարծում ենք, որ նրա անունով ոչ թե ծայրամասային, այլ կենտրոնական փողոց պետք է անվանակոչել: Մեր խմբակցությունը չի մասնակցի այս քվեարկությանը»:
Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանն էլ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներին զսպվածության կոչ արեց. «Երեք հոգանոց խմբակն այստեղ փորձում է ընդդիմադիր տեքստեր ասել, օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ բացասական ելույթներ ունենալ: Մենք այստեղ աշուղական արվեստն ենք վայելում նրանց, բայց իմաստը որն է, հարգելի գործընկերներ, երբ այդ ելույթներից հետո նրանք կողմ են քվեարկում»:
Այնուհետեւ Գրիգոր Մինասյանը «Երկիր ծիրանիին» կոչ արեց Անդրանիկ Մարգարյանին չհամեմատել Քիմ Քարդաշյանի հետ` նշելով, որ խմբակցությունն այդ համեմատությամբ վատ պիտակավորում է ձեռքբերում. «Ասոցացնելով Անդրանիկ Մարգարյանին Քիմ Քարդաշյանի հետ, շատ վատ տեղ եք մտնում: Ես հասկանում եմ, որ Զարուհի Փոստանջյանն այսօր Քիմ Քարդաշյանի հողի վրա է գտնվում (նա ԱՄՆ-ում է-խմբ), բայց հասկացեք, որ ձեզ շատ վատ պիտակ կարող է կպնել այդ համեմատության համար»:




























