2008թ-ի մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման նպատակով ստեղծված, ապա լուծարված Փաստահավաք խմբի նախկին անդամներ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը նամակով դիմել են մարտի 1-ի դեպքերի ուսամնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին` նրան նաեւ մի տեսակավառակ եւ լուսանկար ուղարկելով:
«Ձեզ ենք ուղարկում տեսասկավառակ մեկ լուսանկարով` 2008թ. մարտի 1-ին ժամը 16.00-ից 17.00-ի սահմաններում, Մելիք Ադամյան փողոցում գտնվող բանակային զինվորական համազգեստով հանդերձավորված եւ ինքնաձիգերով զինված անձնաց պատկերներով:Մինչեւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցի հրապարակումը, ակնկալում ենք, որ ԱԺ հանձնաժողովը կպարզի.
-Արդյո՞ք բեռնատար մեքենայի մեջ գտնվող, ինքնաձիգերով զինված համազգեստավոր անձինք զինծառայողներ են: Եթե այո, ապա ՀՀ ԶՈՒ ո՞ր կառույցի եւ ո՞ր ստորաբաժանման մարտիկներ են:
-Արդյո՞ք նույն լուսանկարի երկրորդ պլանում պատկերված դիմակավոր, սեւ համազգեստով զինված անձինք զինծառայող կամ ոստիկանական հատուկ նշանակության ջոկատային ստորաբաժանումների մարտիկներ են: Եթե այո, ապա ո/ր ստորաբաժանումից են»,- նշել են փաստահավաքի անդամները՝ միաժամանակ Նիկոյանին տեղեկացնելով, որ այդ առնչությամբ Փաստահավաք խմբի՝ ժամանակավոր հանձնաժողովին հանձնած փաստաթղթերում կան արժեքավոր նյութեր:




























