Հայաստանի միջոցով ԵՄ-ն մեսիջ է ուղարկում Ռուսաստանին, որ անհաղթահարելի խնդիր չունենք Ռուսաստանի հետ, առհավատչյան Հայաստանի հետ կնքված համաձայնագիրն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ  Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ ավելացնելով, որ ԵՄ-ն վերանայում է ՌԴ-ի նկատմամբ իր քաղաքականությունը։

Նրա փոխանցմամբ, երբ 2015 Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նախաշեմին Անգելա Մերկելը հայտարարում էր, որ իրենք հարգանքով են վերաբերում Հայաստանի ինքնիշխան որոշմանը՝ անդամակցել ԵՏՄ-ին, դա պատահական չէր։ «Համապարփակ համաձայնագրով բացառիկ կարեւորություն է տրվում Հայաստանի արտաքին քաղաքականությանը, նրա ծանրակշիռ արտաքին քաղաքականությանը, որը կարողանում է սերտորեն համագործակցել պատժամիջոցների տակ գտնվող Իրանի հետ»,-ասաց Գեղամյանը:

Նրա կարծիքով՝ հիմա Հայաստանը դարձել է ինքնուրույն գործոն, իսկ Ադրբեջանը «խաղից դուրս» վիճակում է հայտնվել։

Իր ելույթի վերջում Գեղամյանը համոզմունք հայտնեց, որ քննարկումները պետք են միայն ԵՏՄ-ում չօգտագործված ռեզերվներն ու ռեսուրսները բացահայտելու համար, իսկ այս քննարկումը ժամանկավրեպ է։