Չեռնոգորիայի դատախազները կասկածում են, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը «Չեռնոգորիայում մուսուլման համայնքի առաջնորդների շրջանում քարոզչություն է կատարել» «Ժողովրդավարական ճակատ» կուսակցության հետ համագործակցելու օգտին, ինչը, նրանց կարծիքով, պետք է հանգեցներ երկրում իշխանափոխության: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով նամակը, որն ընդդիմադիրներ Միլան Կնեժեւիչը եւ Անդրիյա Մանդիչը ուղարկել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Կնեժեւիչը եւ Մանդիչը մեղադրվում են խռովություն պատրաստելու մեջ:

Պոդգորիցայում համարում են, որ 2016 թվականի հոկտեմբերի 16-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ հանցավոր խումբը, որի մեջ եղել են «Ռուսաստանից ազգայնականներ», պետական հեղաշրջում էր ծրագրել, այդ թվում՝ վարչապետ Միլո Ջուկանովիչի սպանությունը: «Հանցավոր խումբը կազմավորվել է Չեռնոգորիայի, Սերբիայի եւ Ռուսաստանի տարածքներում, որի նպատակն էր ահաբեկչական հարձակման իրականացումը»,- այդ ժամանակ ասել էր դատախազը:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ խումբը ստեղծել են Էդուարդ Շիրոկովը եւ Վլադիմիր Պոսովը: Պետական հեղաշրջմանը հանցակցելու կասկածանքով Սերբիայի 20 քաղաքացի էր ձերբակալվել, որոնց աշխատանքը, ինչպես համոզված են Պոդգորիցայում, համակարգվել է Մոսկվայի կողմից սերբ ազգայնական Ալեքսանդր Սինջելիչի միջոցով:

Դատախազ Կատնիչը փետրվարին հայտարարել էր, որ չհաջողված պետական հեղաշրջման կազմակերպմանը կապված են ռուսական պետական մարմինները. նրա խոսքով՝ Շիրոկովի իսկական ազգանունը Շիշմակով է, եւ նա ռուական հատուկ ծառայությունների աշխատակից է:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախկինում հայտարարել էր, որ Մոսկվան «կտրականապես» հերքում է իր մասնակցությունը «որեւէ հակաիրավական գործողության ցանկացած փորձին»:

Ռուսաստանը հրաժարվել էր Չեռնոգորիային հանձնել պետական հեղաշրջման փորձի գործի ֆիգուրանտ Անանիե Նիկիչին, քանի որ նա արդեն փախստականի կարգավիճակ էր ստացել: