«Ես արդեն մեկ տարի է,ինչ խոսում եմ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների մասին։ Այստեղ նշված տարածաշրջանային կայունության կետը կապված է ԼՂՀ հարցի լուծման հետ՝ ի օգուտ Ադրբեջանի, և այսօր թուրքական կողմը այդ հանգամանքը բերում է, ոչ թե որպես պայման, այլ որպես մեկնաբանություն»,- այս մասին այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ՀԱԿ-ի ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը։

Նրա հավաստմամբ, այն մարդիկ, որոնք զբաղվում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, զբաղվում են նաեւ Ղարաբաղի հարցով։

«Այն հանգամանքը, որ արձանագրությունները վավերացվելու համար պետք է մտնեն խորհրդարան, մտցվել է թուրքական կողմի պահանջով։ Թուրքիան, փայլուն իմանալով, որ Հայաստանի խորհրդարանը դրված է Սերժ Սարգսյանի գրպանում, դիմել է նման քայլի»,- նշեց ՀԱԿ-ի ներկայացուցիչը, ընդգծելով եւս մի հանգամանք."Մինչեւ Հայաստանի խորհրդարանը չկարգավորվի՝ արձանագրությունների վավերացումը անհրաժեշտ է հետաձգել, բայց ոչ կանգնեցնել"։

Վերջում քաղաքական գործիչը անդրադարձավ նաեւ ԱՄՆ-ի միջամտությանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում. «ԱՄՆ-ը երբեք չէր միջամտի, եթե Սերժ Սարգսյանը լիներ ժողովրդավարական ձեւով ընտրված նախագահ», մասնավորապես ասաց նա։