Թուրքիայի Քոնյա քաղաքում 27-ամյա ադրբեջանուհի Այսել Է.–ն սպանել է իր քաղաքացիական ամուսնուն՝ 34-ամյա Ումիդ Հոքերին։

Ադրբեջանական haqqin.az կայքը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, հայտնում է, որ կինը 50 մետր վազել է ամուսնու հետեւից, հասել նրան եւ դանակահարել։

Միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Այսելն ամուսնու հետ իր 9 ամսական երեխային հիվանդանոց էր տարել։ Երեխան ծանր վիճակում է եղել, նրա պարանոցին կապտուկներ են եղել, ինչը վկայում է, որ երեխային փորձել են խեղդել։ Մորն ասել էին, որ երեխայի ուղեղը թթվածին չի ստանում։ Զայրացած կինը ամուսնու մեքենայի միջից հանել էր դանակը եւ ցանկացել սպանել տղամարդուն։ Վերջինս սկսել էր փախչել, սակայն Այսելը  հասել էր նրան եւ 7 անգամ դանակով  հարվածել։ Ումիդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Կինը լրագրողներին հայտնել է, որ այդ քայլին է գնացել, քանի որ տղամարդը փորձել էր բարձով խեղդել երեխային։