ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակիցը մեղավոր է ճանաչել իրեն գաղտնի տեղեկությունների գողացման համար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Ըստ մեղադրական կողմի՝ Նգիա Խոան Ֆոն աշխատել է ԱԱՆ-ի էլիտար բաժնում, որը զբաղվում է կիբերգործողություններով եւ 2010-2015 թվականներին գրասենյակից գաղտնի փաստաթղթեր եւ համակարգչային ֆայլեր է դուրս հանել:
Ծնունդով Վիետնամից 67-ամյա Ֆոն կարող է 10 տարվա ազատազրկման դատապարտվել: Դատավճիռը ապրիլի սկզբին կհրապարակվի:
ԱՄՆ հետախուզության աշխատակիցը, անանուն մնալու պայմանով, հայտնել է, որ Ֆոի տան համակարգիչը, որտեղ գողացված ֆայլերն են պահպանվել, թույլ է տվել ռուսական հետախուզությանը մուտք ունենալ ամերիկյան գաղտնիքներին: Ֆոն օգտագործել է «Կասպերսկու լաբորատորիա» հակավիրուսային ծրագիրը:




























