Եմենի ապստամբ հուսիներն Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաք Աբու Դաբիի ուղղությամբ հրթիռի արձակում են իրականացրել: «Ալ Մասրա» հեռուստակայանը կիրակի՝ դեկտեմբերի 3-ին, հաղորդել է, որ հրթիռի թիրախ է եղել ԱՄԷ-ում կառուցվող «Բարաք» ատոմային էլեկտրակայանը: Սակայն ԱՄԷ-ի պետական հեռուստաընկերությունը հերքել է այդ հաղորդագրությունները, փոխանցում է DW-ն:
Հրթիռի արձակման մասին հաղորդումը եղել է Եմենի զինված ընդդիմության ճամբարը պառակտելու ֆոնին: Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը փաստացի հրաժարվել է նախկին համախոհների՝ հուսիների աջակցությունից: Դեկտեմբերի 2-ին նա հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել արաբական երկրների դաշինքի ղեկավարության հետ, որոնք ռազմական գործողություններ են իրականացնում ընդդիմության դեմ՝ ի պաշտպանություն ներկա նախագահ Աբդա Ռաբո Մանսուր Հադիի:
Հուսիների կարծիքով՝ Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող կոալիցիայի մեջ մտնող ԱՄԷ-ն է հենց Սալեհին բանակցությունների դրդել:
Դեկտեմբերի սկզբին հուսիները բալիստիկ հրթիռ են արձակել՝ ուղղված Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա: Սաուդյան Արաբիայի ՌՕՈւ-ն այն խոցել է: Որպես վրեժխնդրություն, նրանք Եմենի ընդդիմությանը դեկտեմբերին կենտրոնացված հրթիռառմբակոծության են ենթարկել:




























