Ռուսաստանն ու Չինաստանը ակտիվորեն զենք են ստեղծում, որը կարող է սպառնալ ԱՄՆ տիեզերական ռազմական ակտիվներին, օրինակ՝ արբանյակներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ռազմավարական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոն Հայթենը, փոխանցում է CNN-ը:

 «Նրանք ստեղծում ու փորձարկում են զենք, որը երկրի վրայից կարող է տիեզերքում թիրախներ խոցել,  եւ դա չեն թաքցնում», - ասել է նա՝ նշելով, որ այդ հնարավորությունները ԱՄՆ-ի եւ իր համախոհների համար մարտահրավեր են, որոնք կարող են աշխարհում ուժերի հավասարակշռությունը փոխել:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա»: Ըստ նրա՝ Ռուսաստանն ու Չինաստանը տեսել են, թե ինչպես են ամերիկացի զինվորականները ռազմական գործողությունների ժամանակ  հաջողությամբ օգտագործել արբանյակները եւ այժմ միջոցներ են փնտրում՝ ապագա հակամարտություններում արբանյակների՝ ԱՄՆ-ի կողմից հնարավոր կիրառմանը դիմակայելու: