Դեկտեմբերի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրշեջների միության նախագահ Հարթմութ Ցիբսին:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին նախարար Տոնոյանն անդրադարձավ Գերմանիայի հետ համագործակցությանը՝ նշելով, որ այս բնագավառում բավականին մեծ աշխատանք է արվել, ինչի արդյունքում առաջին անգամ ուղիղ համագործակցային կապ է հաստատվել երկու երկրների հրշեջ-փրկարարական ծառայությունների միջեւ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարների վերապատրաստման հնարավորությունները Գերմանիայի Դաշնային Հանրապետության հակահրդեհային ծառայության միջոցով, մասնավորապես՝ նախատեսվում է ուսումնասիրել Գերմանիայում կիրառվող հրդեհաշիջման մեթոդաբանության նոր մեխանիզմներն ու մոտեցումները՝ դրանք Հայաստանում կիրառելու նպատակով:

Անդրադառնալով հրշեջ-փրկարարների մասնագիտական հմտությունների զարգացման եւ արդիականացման անհրաժեշտությանը՝ ԱԻ նախարարը նշեց, որ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության առջեւ խնդիր է դրել հրշեջ-փրկարարներին վերապատրաստել այնպես, որ նրանցից յուրաքանչյուրը տիրապետի պարամեդիկի հմտությունների եւ կարողանա տուժածին առաջին բժշկական օգնություն տրամադրել:

Կողմերը քննարկեցին նաեւ կամավոր հրշեջ-փրկարարական խմբերի ձեւավորման, քիմիական եւ ռադիոակտիվ նյութերի ակտիվացման դեպքում գործողությունների հարցերը. մասնավորապես՝ պրոֆեսիոնալ եւ կամավոր հակահրդեհային ծռայաությունների բյուջեի ծրագրավորումը եւ ձեւավորումը դաշնային, երկրամասային եւ համայնքային մակարդակներում:

Բարձր գնահատելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմի պրոֆեսիոնալիզմն ու գործունեությունը՝ Հ. Ցիբսը նշեց, որ արդյունավետ համագործակցության եզրեր շատ կան:

Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոն եւ «911» հոգեբանական ծառայություն՝ ծանոթանալու վերջիններիս հագեցվածությանն ու կարողություններին: