Կառավարությունն ամեն ինչ անում է նպատակային տնտեսական ցուցանիշներին հասնելու համար: Այս մասին դեկտեմբերի 6-ին խորհրդարանում հայտարարել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հարցին՝ պատրաստվում է արդյոք կառավարությունը հրաժարական տալ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարած տնտեսական 7 տոկոս աճի ձախողման պատճառով:

«Կառավարությունը ձեւավորվում է քաղաքական գործընթացների արդյունքում, որից հետո հաստատման համար խորհրդարան համապատասխան ծրագիր է ներկայացնում, որը նախատեսում է նպատակային ցուցանիշներ:

Այս կառավարության ծրագիրը ներառում է տնտեսական աճի այլ ցուցանիշներ, եւ մենք ներկայիս իրողություններում, որոնք տարբերվում են նախորդներից, անում ենք հնարավոր ամեն ինչ այդ նպատակներին հասնելու համար», - ասել է նա:

«Շնորհակալություն, որ իմ հարցին չպատասխանեցիք», - ասել է պատգամավորը: «Շնորհակալություն համբերատար լսելու համար», - պատասխանել է Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականին ՀՀ նախագահը հանձնարարել էր կառավարությանը ապահովել տարեկան 7 տոկոս տնտեսական աճ: Այս ցուցանիշը չապահովելու համար կառավարությունը պետք է հրաժարական տար: