Դեկտեմբերի 6-ին ժամը 22:00-ի դրությամբ հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սեւանի ճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10 մետր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Քեթիի, Ջաջուռի եւ Վարդենյաց լեռնանցքներում բուք, մերկասառույց եւ մառախուղ է. այստեղ էլ տեսանելիությունը 30-50 մետր է:

Աղբյուրի փոխանցմամբ՝ անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից եւ արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նշենք նաեւ, որ Հայաստանի միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: