Եվրամիությունը խիստ մտահոգված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան  տեղափոխման  եւ այն որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու  որոշմամբ եւ տարածաշրջանում կողմերին զսպվածություն ցուցաբերելու կոչ է անում: Այս  մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է«ՌԻԱ Նովոստին»:

«Եվրամիությունը լուրջ մտահոգություն է հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմի մասին այսօրվա հայտարարության եւ այն հետեւանքների վերաբերյալ, որոնց կարող է հանգեցնել խաղաղության հեռանկարների առումով», - ասել է նա:

Ըստ նրա՝ «ԵՄ դիրքորոշումը մնում է անփոփոխ»: «Երկու կողմերի ձգտումները պետք է իրականացվեն, առաջընթացը պետք է գտնվի բանակցությունների միջոցով` Երուսաղեմի կարգավիճակի հարցը որպես երկու պետությունների ապագա մայրաքաղաք լուծելու համար», - ասվում է ԵՄ դիվանագիտության հայտարարության մեջ: