ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո Երուսաղեմի մահմեդական թաղամասերում լուռ ու սպասողական վիճակ է:
NEWS.am-ի թղթակիցը Երուսաղեմից հաղորդում է, որ քաղաքում օրը դեռ նոր է բացվում եւ բոլորի մոտ սպասում կա, որ կարող են բախումներ լինել: Արաբական թաղամասերում բոլոր խանութները, որոնք այս ժամին շատ աշխույժ էին, հիմա փակ են: Մարդիկ մտավախություն ունեն, որ հնարավոր բախումների հետեւանքով կարող են տուժել իրենց խանութները:
Բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչների տեսախցիկներ այս պահին Դամասկոսի դարպասների մոտ են: Իսրայելցի ոստիկաններ են ամբողջ քաղաքում:
Նշենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է որպես Իսրայելի մայրաքաղաք եւ հրահանգել է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։
Աշխարհի բազմաթիվ երկրներ Թրամփին կոչ էին արել խուսափել նման հայտարարությունից, քանի որ այն կթեժացնի Արեւելքում լարվածությունը։




























