ԱՄՆ–ն ենթադրում է, որ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ տեղի կունենա մեկ տարուց ոչ շուտ։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ելիսեյան պալատում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ բանակցությունների ավարտին, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Դեսպանատան տեղափոխությունը այս տարի չի լինի, հնարավոր է, որ չլինի նաեւ եկող տարի։ Սակայն նախագահ Թրամփն ուզում է, որ մենք այդ գործում շատ վճռական եւ կոնկրետ առաջ շարժվենք»,– ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
ԱՄՆ նախագահը չորեքշաբթի Սպիտակ տանը հայտարարել էր, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես ճանաչել Իսրայելի մայրաքաղաք եւ Պետդեպարտամենտին հանձնարարել էր սկսել Թել Ավիվից դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը։
Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինա–իսրայելական հակամարտության առանցքային խնդիրներից է։ Իսրայելցիները 1967 թվականի պատերազմի ժամանակ զբաղեցրել էին քաղաքի արեւելյան հատվածը եւ պնդում են, որ Երուսաղեմը Իսրայելի միասնական եւ անբաժանելի մայրաքաղաքն է։ Պաղեստինցիները ցանկանում են քաղաքի արեւելյան հատվածը դարձնել իրենց պետության մայրաքաղաք։




























