Երուսաղեմի վերջնական կարգավիճակը, ինչպես եւ սահմանների հարցը, կորոշեն պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերը: Այս մասին Փարիզում իր ֆրանսիացի գործընկեր Ժան Իվ Լե Դրիանի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նախագահը հայտարարել է, որ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը, ինչպես նաեւ պետդեպարտամենտին դեսպանատան տեղափոխման վերաբերյալ տրված հանձնարարականը Երուսաղեմի վերջնական կարգավիճակը չի որոշում:

Ես կարծում եմ, որ նա շատ հստակ հայտարարել է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը, ինչպես նաեւ սահմանների խնդիրը, այն հարցերն են, որոնք բանակցությունների ընթացքում կլուծեն հակամարտության կողմերը»,- ասել է Թիլերսոնը:

Չորեքշաբթի Թրամփը հայտարարել էր Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին եւ ստորագրել էր Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան տեղափոխման մասին փաստաթուղթ: Նրա այս որոշումը դրական էր ընդունվել Իսրայելում եւ բացասական արձագանք ստացել աշխարհի բազմաթիվ պետությունների, առաջին հերթին Մերձավոր Արեւելքի եւ Պաղեստինի երկրների կողմից: