Հայաստանում շենքեր կառուցելը հեշտ է, իսկ մտածելակերպ փոխելը՝ դժվար եւ ժամանակ է պահանջում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին «Դիլիջանի միջմշակութային փոխանակում» ծրագրի արդյունքների ամփոփման ժամանակ նշեց IDeA հիմնադրամի համահիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով, որ անընդհատ պետք է աշխատել այդ ուղղությամբ։

Ռուբեն Վարդանյանի համոզմամբ՝ հաջորդ կարեւոր քայլը պետք է լինի սեփական սխալներն ընդունելն ու առաջ շարժվելը. «Մենք նպատակադրվել ենք Հայաստան բերել ոչ միայն նոր տեխնոլոգիաներ, այլեւ նոր մշակույթ, որպեսզի մարդիկ խոստովանեն սխալներն ու ազնվորեն խոսեն ամեն ինչի մասին»։

Գործարարը նաեւ հավելեց, որ խոսքը երկարաժամկետ հեռանկարի մասին է. «Մենք խոսում ենք ոչ թե 2-3 տարվա, այլ 20 եւ ավելի տարիների մասին»։

Ծրագիրը ներկայացնելիս IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Րաֆֆի Պաղճեանը, մասնավորապես, նշեց. ««Դիլիջանի միջմշակութային փոխանակում» ծրագիրը մեր գործընկերների, տեղական համայնքների եւ միջազգային շահառուների միջեւ արդյունավետ համագործակցության հիանալի օրինակ է, որի արդյունքներից կարող են օգտվել թե՛ դիլիջանցիները, թե՛ Դիլիջանի պատմությամբ հետաքրքրվողները»:

Նշենք, որ «Դիլիջանի միջմշակութային փոխանակում» ծրագրի նպատակը Դիլիջան քաղաքի պատմությունն ու անցյալը վեր հանելը եւ այն լայն հանրությանը ներկայացնելն է։

Ծրագրի շրջանակում հայ եւ գերմանացի փորձագետները չորս շաբաթ աշխատել են Դիլիջանում: Այդ ընթացքում Դիլիջանի մասին պատմական փաստեր, լուսանկարներ ու վկայություններ են հավաքագրել։

«Դիլիջանի միջմշակութային փոխանակում» ծրագիրն իրականացվել է «Համագործակցություն քաղաքացիական հասարակության հետ» ծրագրի շրջանակում` IDeA հիմնադրամի աջակցությամբ եւ Գերմանիայի ԱԳ նախարարության ֆինանսավորմամբ։