Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 9-ին հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Երուսաղեմի որոշումը սխալ են անվանել՝ այն կարող է Մերձավոր Արեւելքում վտանգավոր հետեւանքների հանգեցնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:

«Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին Ստամբուլ է հրավիրել մասնակցելու Երուսաղեմի հարցով գագաթնաժողովին: Իլհամ Ալիեւը հրավերն ընդունել է»,- հայտնել են մամուլի ծառայությունից:

Սպասվում է, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը բազմակողմանիորեն կքննարկվի դեկտեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունենալիք Իսլամական համագործակցության կազմակերպության առաջնորդների արտահերթ գագաթնաժողովում, որն անցկացվելու է Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ: