Հարյուրավոր պաղեստինցիներ Հորդանանի արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում մասնակցում են բողոքի ակցիային՝ բողոքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Մի քանի հարյուր պաղեստինցիներ շարունակում են մասնակցել Հորդանանի արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում ակտիվության 5 հիմնական օջախներում բողոքի ակցիաներին։ Սահմանապահ ոստիկանությունը եւ բանակը անկարգությունները հսկողության տակ են պահում, առճակատման ռիսկի աստիճանը կրճատվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ բողոքի ակցիան ընթանում է Ռամալլահ, Թուլքարմ եւ Բեթղեհեմ քաղաքների մուտքի մոտ։
Իսրայելի ոստիկանությունը պարեկություն է իրականացնում Սալահ ադ Դին փողոցում, որտեղ դեկտեմբերի 9-ի առավոտյան բախումներ էին տեղի ունեցել, ինչի հետեւանքով վիրավորվել էր 12 մարդ։
Շտապ օգնության մեքենաները տուժածներին դուրս են բերում բազմության միջից։
Մի խումբ երիտասարդներ քարեր են նետում իսրայելցի զինվորականների ուղղությամբ։ Դրան ի պատասխան՝ զինվորականները արցունքաբեր գազ են կիրառել։ Բախումները նկարահանում են զրահաբաճկոններ ու հակագազեր հագած բազմաթիվ լրագրողներ։
Ընդ որում, Ռամալլահը շարունակում է ապրել սովորական կյանքով։ Գազայի հատվածում, բանակի հաշվարկներով, մոտ 4․5 հազար պաղեստինցի սահմանի երկայնքով 6 տարբեր շրջաններում մասնակցել է անկարգություններին։




























