Ցավոք, տեղական մակարդակի ընտրությունները չեն արժանանում այն ուշադրությանը, որին հիրավի արժանի են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Գուցե այն պատճառով, որ այստեղ խնդիրները կոնկրետ են, իսկ այդ կոնկրետության, հստակ գործի տակ քչերն են ցանկանում մտնել: Միգուցե, նաեւ այն պատճառով, որ հայաստանյան քաղաքական ուժերը թույլ են ներկայացված համայնքային մակարդակում եւ համարում են, որ այդ ընտրությունները երկրորդական են, սակայն քաղաքականությունն առաջին հերթին հենց տեղական մակարդակում է:
Այսօր, նախկին 465 համայնքների փոխարեն, արդեն ունենք 52 խոշորացված համայնք: Բազմաթիվ համայնքներում խոշորացման արդյունքում ձեւավորվել է առավել մրցակցային ավագանի, նիստերը դարձել են ավելի շահագրգիռ եւ թիրախային: Միաժամանակ, կատարվում է հաստիքների վերաբաշխում, ինչի արդյունքում կրկնվող հաստիքները փոխարինվում են նոր ծառայություններ մատուցող միավորներով:

Բայց տեղյակ եմ, որ որոշ համայնքներում դեռեւս այս գործընթացը չի գնում` ինձ համար անհասկանալի պատճառներով: Թեեւ դրանք մեկն են կամ երկուսը` շատ արագ պետք է այս գործընթացն ավարտել, եւ բոլորովին պարտադիր չէ, որ ընտրված խոշորացված համայնքի համայնքապետը միանգամից որոշի, որ փոխում է բոլոր նախկին գյուղապետներին եւ մարդիկ է նշանակում` իբր ավելի վստահելի եւ ավելի արդյունավետ կառավարող:

Ես կարող եմ իմ փորձից ձեզ ասել, որ սա ամենից վատ մոտեցումն է: Ես մի քանի նախարարություններ եմ փոխել, ինձ նշանակել են տարբեր նախարարություններում, եւ գալով նախարարություն` երբեք, որովհետեւ ես չեմ ուզում ձեզ հետ աշխատել: Պետք է ներկայացնել հստակ պահանջներ, չափանիշներ, եւ նրանք, ովքեր իրոք այդ չափանիշներին չեն համապատասխանում ասել, որ գնա այլ գործով զբաղվի: Բայց ասել, որ ես եկել եմ, իմ մարդկանց պետք է բերեմ՝ այս մոտեցումը կործանարար մոտեցում է: Հետո դուք եք կախված լինելու այդ մարդկանցից, այլ ոչ թե այդ մարդիկ ձեզնից:

Գիտեմ նաեւ, որ դեռեւս բոլոր թերություններն այս առումով չեն վերացվել: Այնուամենայնիվ, մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Ավելի ընդարձակ եւ, հետեւաբար, ավելի մրցակցային միջավայր ստեղծելով, մենք կարողանալու ենք վերացնել նաեւ այդ թերությունները՝ բարձրացնելով ընդունված որոշումների արդյունավետությունը:

Անցյալ տարի միասին հանդիսավորությամբ նշեցինք Հայաստանում տեղական ինքնակառավարման նոր համակարգի ներդրման 20-րդ տարեդարձը: Այդ նիստի ընթացքում ես ներկայացրի տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման իմ տեսլականը:

Կարծում եմ, որ անցած մեկ տարվա ընթացքում հաջողությամբ շարունակել ենք մեր համատեղ աշխատանքը՝ հընթացս կատարելով անհրաժեշտ շտկումներ: 

Մենք շարունակելու ենք համայնքների խոշորացման գործընթացը. չենք շտապելու, ուշադիր ծանրութեթեւ ենք անելու ամեն ինչ, բայց լինելու ենք հետեւողական:

Մեր անկախությունը պետք է օրեցօր ամրապնդվի պետության եւ հասարակության զարգացմամբ: Մենք բնավ մեխանիկական համահարթեցման խնդիր չենք հետապնդում: Մեր խնդիրն է ոչ թե թուլացնել ուժեղ համայնքները, այլ ամրապնդել դրանք՝ զուգահեռ նոր հնարավորություններ ստեղծելով ավելի փոքր եւ թույլ համայնքների համար: Գաղտնիք չէ, որ շատերը չեն կարողանում բնակչությանն անհրաժեշտ ծառայություններ մատուցել` համարժեք համայնքային ենթակառուցվածքներ չունենալու կամ, որ շատ ավելի վատ է, ունենալու պարագայում՝ շահագործել չկարողանալու պատճառով:

Կառավարությունը կարող է եւ պետք է սահմանի ընդհանուր չափանիշներ բոլոր համայնքների համար: Սակայն որեւէ կառավարություն երբեք չի կարող գտնել ավելի լավ լուծում, քան այն, որը կմշակեն եւ կիրագործեն բուն համայնքում ապրող մարդիկ, նրանք, ովքեր իրենց այդ համայնքի տերն են համարում: Մեր խնդիրն է քաղաքացիների եւ գյուղացիների մեջ ամրապնդել հենց տիրոջ զգացումը, սեփական համայնքին տեր կանգնելու ձգտումը:

Դա է տեղական ինքնակառավարման մարմինները հետեւողականորեն ամրապնդելու ճանապարհը: Այդ ընթացքում աստիճանաբար պետական եւ տարածքային կառավարման մարմիններին վերապահված բազմաթիվ լիազորություններ պետք է անցնեն տեղական ինքնակառավարման մարմիններին: