Հիմա չկա Հայաստանում որեւէ ապրանք արտադրող, որը շատ թե քիչ մրցունակ է եւ խնդիրներ ունի այդ ապրանքն իրացնելու հարցում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Իհարկե, եթե մենք ունենք հարյուր հազարավոր գյուղացիական տնտեսություններ, որոնք արտադրում են քիչ քանակությամբ եւ ոչ որակյալ արտադրանք, ապա դա որոշակի դժվարություններ իրենից ներկայացնում է, բայց հարցրեք՝ որեւէ խոշոր արտադրող ունի՞ խնդիր իրացման հետ: Չկա նման դեպք: Մենք այդ մեծ արժեշղթայի մի մասն ենք դարձել. մենք դարձել ենք 170 միլիոնանոց շուկայի մաս, եւ այս հնարավորություններից մենք պետք է օգտվենք: Ես կարծում եմ, որ տեսանելի ապագայում ունենալու ենք նաեւ մի ձեռնարկություն, որը պետք է փորձի միավորել այդ մանր գյուղացիական տնտեսությունների հնարավորությունները՝ նախօրոք պայմանավորվելով ու նրանցից գնելով նրանց արտադրանքն ու ընդհանուր բրենդի տակ արտահանելու դեպի այլ շուկաներ:

Հուսով եմ, որ Կենտրոնական բանկի ներկայացրած հնարավոր ֆինանսական գործիքները ձեզ նոր նախաձեռնություններ մշակելու եւ ներկայացնելու առիթ կտան: Դրական օրինակները կարող են լավ իմաստով վարակիչ լինել: Կարծում եմ, որ Կենտրոնական բանկը կարող է իրականացնել վերապատրաստման ծրագրեր՝ նորարական ֆինանսավորման մոտեցումները համայնքներին ներկայացնելու եւ դրանց միջոցով նոր որակի համայնքային զարգացման ծրագրեր իրագործելու համար:

Այս առիթով, պարո՛ն Ջավադյան, ես կարծում եմ՝ մենք պետք է լինենք նախաձեռնողական՝ հասկանալով հանդերձ համայնքների ղեկավարների, հատկապես մեր բնակչության, այսպես ասած, կանխակալ, բայց ոչ արդարացի կարծիքը բանկային համակարգի նկատմամբ: Այսօր մենք ունենք բավականաչափ գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս տանելի տոկոսադրույքներով ներգրավել միջոցներ եւ այդ միջոցներն օգտագործելով՝ տարվա վերջին կամ տարիների ընթացքում ստանալ բավականաչափ շահույթ: 
Այնուամենայնիվ, նախաձեռնողը պետք է լինի համայնքը: Նախաձեռնողականության եւ հստակ ծրագրերի առկայության դեպքում կենտրոնական բանկը կարող է սկզբնական շրջանում խորհրդատվություն մատուցել ծրագրերը ներդրողներին ներկայանալի դարձնելու համար: Համայնքներն իրենք պետք է առաջին հերթին ձգտեն ստեղծել համապատասխան կարողություններ: Այստեղ մենք, իհարկե, հենվելու ենք լավագույն միջազգային փորձի վրա՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ միջազգային կառույցներին:
Համոզված եմ, որ յուրաքանչյուր համայնք Հայաստան աշխարհի մանրակերտն է, որի կարողությունները չպետք է զիջեն երկրում արձանագրված ընդհանուր միջին մակարդակին: Ուստի, մենք պետք է նաեւ ձեւավորենք նոր ճկուն մեխանիզմներ համայնքների կենսագործունեության միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր ստեղծելու միջոցով:

Ընդհանուր առմամբ, մեր կատարած վերլուծությունները ցույց են տալիս, որ տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային կառավարման միավորների եւ գործադիր իշխանության, իսկ ավելի կոնկրետ՝ մի շարք նախարարությունների միջեւ գոյություն ունի խզում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ շահագրգիռ կողմերն ամեն կերպ խուսափում են առկա հարցերն ու դրանց համար անհրաժեշտ լուծումները քննարկելու հնարավորությունից` նույնիսկ քննարկելու հնարավորությունից:

Սա լուրջ բացթողում է, որն անհրաժեշտ է հաղթահարել: Բոլոր ծրագրերի մշակման եւ իրագործման փուլում պետք է իրականացվեն բազմակողմ շահագրգիռ քննարկումներ, որոնք ամբողջությամբ կներառեն եւ կարտացոլեն տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման կարիքները: Ի վերջո, այդ ծրագրերը հենց մեր համայնքների ամրապնդման համար են իրականացվում, այլ ոչ թե մեկ այլ նպատակով:

Վերոհիշյալ նպատակներին հասնելու կարեւոր նախապայմաններից մեկը տարածքային կառավարման արդյունավետ համակարգի զարգացումն է: Անհրաժեշտ է գիտակցել, որ տարածքային կառավարման հարաբերությունները վերանայելու կարիք կա, որը բխում է սահմանադրական նոր իրողություններից: Անցնելով խորհրդարանական կառավարման համակարգին՝ մենք պետք է նորովի վերաիմաստավորենք պետական կառավարումը մարզերում, նոր օրենսդրական կարգավորումներ ստեղծենք եւ հետեւենք դրանց պրակտիկ իրականացմանը:
Այստեղ կարեւոր դերակատարություն պետք է ստանձնեն մարզպետները՝ հաղթահարելով դիտորդի եւ կառավարությունից համայնքների ղեկավարներին ինչ-ինչ հորդորներ եւ ուղերձներ փոխանցողի, պարզապես պասիվ համակարգողի կամ զուտ տեղական կառավարչի դերը:

Մարզպետները պետք է կարողանան հմտորեն օգտվել կառավարության ստեղծած բազմաթիվ հնարավորություններից: Պետք է նաեւ ընդլայնել առկա գործիքակազմը եւ էապես ավելացնել մարզերի տնտեսական զարգացման ու համայնքների աջակցման գործառույթները, ինչպես նաեւ դրանք իրականացնելու համար անհրաժեշտ համապատասխան կարողությունները:

Համայնքների կարողությունների զարգացումը հնարավոր է միայն համագործակցային եւ նպատակային աշխատանքի պարագայում: Այո, պետք է ձգտել, երազել, մշակել ծրագրեր եւ իրականացնել: