Թեհրանում բրիտանական դեսպանության աշխատակիցները, որոնց թիվը հստակ չի նշվում, դատվելու են։ SkyNews-ի հաղորդմամբ, նրանք մեղադրվում են Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող ընդդիմության ցույցերին մասնակցելու համար։

Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրում է նաև զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ատելություն բորբոքելու համար։

«Նրանք խոստովանել են իրենց հանցագործությունները եւ այժմ կկանգնեն դատարանի առաջ», — ասել է Այաթոլլահ Ահմադ Ջաննաթին ուրբաթօրյա աղոթքի ժամանակ։ Ահմադ Ջաննաթին Այաթոլլահ Համենեիի մոտ մարդկանցից է։

Նշենք, որ Ջաննաթին պահպանողական է եւ ղեկավարում է 12 հոգուց բաղկացած «Պահապանների խորհուրդը» ։

Եվրամիության երկրների ղեկավարներն իրենց հերթին արձագանքել են Իրանի նման պահվածքին եւ որպես բողոքի նշան հետ կանչել Իրանում իրենց դեսպաններին։Կատարվածի վերաբերյալ խոսել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին . «Ես միշտ էլ պահանջել եմ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, որպեսզի այդ երկրի իշխանությունները վերջապես հասկանան, որ իրենց ընտրած ուղին անկասկած վատ վախճանի է հանգեցնելու»։