ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին օրենքը (National Defense Authorization Act), որը սահմանում է երկրի զինված ուժերի ֆինանսավորումը: Օրենքը նախատեսում է 700 միլիարդ դոլարի պաշտպանական բյուջե, ներառյալ Հյուսիսային Կորեայից աճող սպառնալիքի լույսի ներքո հակահրթիռային պաշտպանության ծրագրերի համար լրացուցիչ միջոցները:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսում ներկայացված երկու կուսակցություններին փաստաթղթի վրա աշխատելու համար՝ նշելով ԱՄՆ անվտանգության ապահովման համար դրա կարեւորությունը: Անդրադառնալով ԱՄՆ այսօրվա մարտահրավերներին` Թրամփը հատկապես նշել է Հյուսիսային Կորեայի ռեժիմի վտանգը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Սակայն, ինչպես նշում է AP-ն, 700 միլիարդ դոլարի բյուջեն իրականություն չի դառնա, քանի դեռ օրենսդիրները չեն համաձանի չեղարկել 2011-ի օրենքը, որը խստորեն սահմանափակում է դաշնային ծախսերը:

Թրամփը կոչ է արել Կոնգրեսին «ավարտել աշխատանքը» եւ վերացնել ռազմական ծախսերի սահմանափակումները եւ հաստատել օրինագիծը: