Սեպտեմբերի 11-ին Հրազդան քաղաքում բացվեց Հայ Ազգային Կոնգրեսի նոր գրասենյակը։ Այդ առիթով Հրազդան էին այցելել ՀԱԿ-ի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Արշակ Բանուչյանը, Երջանիկ Աբգարյանը, Գուրգեն Եղիազարյանը: Հրազդան քաղաքի մուտքի մոտ Երեւանից ժամանած հյուրերին դիմավորեցին Հրազդանի կոնգրեսականները` կառույցի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ: Իսկ արդեն նորաբաց գրասենյակի դահլիճում Կոնգրեսի ղեկավարները հանդիպեցին տեղի ակտիվի հետ:

Իրենց խոսքում Լևոն Զուրաբյանն ու Դավիթ Շահնազարյանը կարեւորեցին սեպտեմբերի 18-ին Երեւանում կայանալիք հանրահավաքը, նշելով, որ դա նախորդում է ԵԽԽՎ նստաշրջանին եւ կարող է եւս մեկ ճնշում լինել իշխանությունների ու ԵԽ-ի վրա: Նշվեց, որ հենց այդ ճնշումների արդյունքում էր, որ ազատ արձակվեցին մոտ 30 քաղբանտրակյալներ, սակայն եւս 21 քաղբանտարկյալ այսօր անազատության մեջ են, եւ իրենք պայքարելու են նաեւ նրանց ազատության համար: Իսկ երբ հնչեցին հրազդանցի քաղբանտարկյալներ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ Արամ Բարեղամյանի անունները, դահլիճն ուղղակի պայթեց ծափահարություններից:

Մեսրոպ Մեսրոպյանն իր խոսում նշեց, որ 1,5 տարվա պայքարի արդյունքում ՀԱԿ-ի Հրազդանի կառույցն ու հատկապես Վանատուր գյուղը իր հետեւողական պայքարով առանձնացել է եւ արդեն «բրենդ» է դարձել, ու սեպտեմբերի 18-ին եւս իրենք կլինեն Երեւանում՝ չնայած իշխանությունների արգելքներին:

Հրազդանցի ակտիվիստները ՀԱԿ-ի ղեկավարների հետ զրույցում մի քանի առաջարկներ էլ արեցին, մասնավորապես, միաժամանակ հանրահավաքներ կազմակերպել մի քանի քաղաքներում, ինչին Լ. Զուրաբյանն արձագանքեց, որ եթե հրազդանցիները պատրաստ են դրան, ապա հենց Հրազդանի կառույցն էլ կարող է կազմակերպել նման հանրահավաք, իսկ իրենք կօժանդակեն: