Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում փետրվարի 26-ին 20-ամյա տաքսու վարորդի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:

Ըստ մեղադրանքի՝ Վարդան Հովսեփյանը Կարլեն Գրիգորյանի ավտոմեքենան հափշտակելու նպատակով, ավազակային հարձակում գործելով, սպանել է նրան:

Գյումրեցի 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նա կալանավորված է:

Գործը քննվելու է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավորն է Սամվել Ուզունյանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2017թ. փետրվարի 26-ին Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ գյուղամիջյան ճանապարհին, հայտնաբերվել է Երևանի բնակիչ, 20-ամյա Կարլեն Գրիգորյանի դիակը՝ մարմնի տարբեր շրջաններում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի  վայրի զննությամբ Թլիկ գյուղ տանող ճանապարհի մոտ՝ դիակի հայտնաբերման վայրից 400 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, իսկ մեքենայի կողքին՝ մեկ հատ դանակ: Սպանությունը կատարելու կասկածանքով Թլիկ գյուղի մոտակայքից բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել Գյումրի քաղաքի 26-ամյա Վարդան Հովսեփյանը։

Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորված է։