Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ որոշումը ցույց է տալիս պաղեստինական կողմի իրավունքների նկատմամբ ամերիկացիների անհարգալից վերաբերմունքը եւ ապացուցում է, որ Միացյալ Նահանգները չի կարող արդար միջնորդ  լինել Մերձավոր Արեւելքի խաղաղության գործընթացներում։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 «Ամերիկյան վարչակարգի որոշումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն փորձում է պաշտպանել սիոնիստների շահերը եւ ոչ մի հարգանք չունի պաղեստինցիների օրինական իրավունքների նկատմնամբ։ ԱՄՆ-ն արդար միջնորդ չի եղել եւ եբեք էլ չի լինի»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ռոհանին։

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին եւ Ամերիկայի դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին փաստաթուղթ ստորագրել: ԱՄՆ որոշումը դրականորեն էր ընդունվել Իսրայելում եւ բացասական  արձագանք ստացել աշխարհի մի շարք երկրներում, իսկ  առաջին հերթին՝ Մերձավոր Արեւելքի երկրներում եւ Պաղեստինում: