Երեւանի «Լիա» գեղեցկության սրահում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով Երեւանի Շենգավիր վրաչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց գործով վկա Արսեն Սիմոնյանը: Նա դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Պետրոս Իսրայելյանին: Վկան պատմեց, որ մեկ տարի առաջ նոյեմբերի 13-ին գնացել է «Լիա» գեղեցկության սրահ` մազերը կտրելու, սակայն, վարսահարդարը զբաղված է եղել եւ նա գնացել է Պետրոս Իսրայելյանի աշխատասենյակ` նրան տեսնելու:

«Գնացի վարսավիրն զբաղված էր, ասի իջնեմ ներքեւ, տեսնեմ ինչ է անում Գեղամը (նկատի ունի Պետրոս Իսրայելյանին): Ինքը էդտեղ չէր, Գոռն էր` Գեղամի տղան: Գոռի հետ խոսում էինք, այդ պահին անծանոթ մարդիկ մտան ներս, ոչ մեկին չեմ ճանաչել: Գոռի հետ զրուցելու ընթացքում այլ մարդկանց հետ ներս մտավ նաեւ Մուշեղ Մուշեղյանը (այդ ժամանակ նրան չի ճանաչել), վիճաբանություն սկսվեց Գեւորգի եւ նրա միջեւ»,-պատմեց  նա:

Վկան պատմեց, որ Մուշեղ Մուշեղյանը Գեւորգից գումար է պահանջել` ասելով, որ փողերը պետք է տան:

«Մուշեղն ու Գեւորգը վիճաբանում էին, կոպիտ ձեւով իրար հետ խոսացին, Մուշեղը հայհոյանքներ հնչեցրեց, Գեւորն էլ` նրան ու Մուշեղը կրակեց Գեւորի վրա, հետո հարձակվեց Գեւորգի վրա, Գեւորգն էլ նրա վրա` դանակով: Հետո կրակոցներ սկսվեցին, Մուշեղը Գեւորգի պարանոցից բռնել էր, մենք շոկի մեջ էինք, վարսավիրանոցի մուտքով փախել եմ, նստել եմ մեքենաս ու գնացել»,-ասաց նա:

Վկան նշեց, որ Պետրոս Իսրայելյանն դեպքի ժամանակ այդ սենյակում չի գտնվել. «Ես չեմ տեսել Գեղամին, Գոռիկին հարցրեցի` ուր ա Գեղամը, ասեց հիմի կգա»:

Դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը, ըստ որի վկան պատմել է. «Գեղամին ճանաչում եմ շուրջ չորս տարի: Նրա հետ մտերիմ հարաբերությունների մեջ եմ, նրա հետ մի քանի անգամ հանդիպել եմ  վարսավիրանոցի նկուղային հարկում: Նոյեմբերի 13-ին Արմանի հետ իմ մեքենայով գնացել եմ Գեղամին տեսնելու, նաեւ մազերս կտրելու: Վարսավիրն զբաղված էր, մտա ներքեւ Գեղամին տեսնելու: Մտնելով ներս, տեսա Գոռին, այնտեղ էին նաեւ Արամն ու Գեւորգը: 3-4 անձինք մտան ներս այդ ժամանակ, Մուշեղը շքամուտքի մոտ կանգնած ասաց` էդ փողերն ով որ կարա ինձանից ստանա, ես նրա լավը…: Գեւորգը ասաց նրան, որ խելոք մնա, Մուշեղը գոտկատեղից հանեց ատրճանակը եւ կրակեց Գեւորգի վրա, այնուհետեւ Գեւորգը հանեց դանակը եւ հարձակվեց նրա վրա, Մուշեղը բռնելով Գեւորգի պարանոցից սկսեց կրակել, նիշե էր սարքել»:

Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը:

Հիշեցնենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում արձակված կրակոցների հետեւանքով երկու անձ էր մահացել: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ա. Բանդուրյանին  («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Ա. Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով: