Ուրագվայի իշխանությանը մաս կազմող Սոցիալիստական կուսակցության ղեկավարությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված նախնական համաձայնության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Ուրուգվայի սոցիալիստները «գոհունակություն են հայտնում այն փաստի առնչությամբ, որ աշխարհի ցանկացած մասում ժողովուրդները կամ երկրները դիմում են երկխոսության՝ իրենց հարաբերությունները բարելավելու կամ ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու նպատակով, ուստի ողջունելի է Թուրքիայի եւ Հայաստանի պարագան»:

«Սակայն բանակցությունները դրական կլինեն, երբ շահում են երկու կողմերը: Եթե մի կողմն է միայն շահում, ապա ոչ թե լուծվում են հարցերը, այլ նոր հակամարտություն է ծնվում», — նշում են հայտարարության հեղինակները: Նրանք «պարտավորություն են զգում զգուշացնելու այն դրույթի առնչությամբ, որը վերաբերում է պատմական հարցերին եւ մասնագետների ենթահանձնաժողովին, որն իբր պետք է վճռի՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանություն եղել է, թե ոչ», ապա հավելում. «Դժվար չէ արձանագրել, որ այս կետը վիրավորում է մարդկային արժանապատվությունը»:

Հայտարարությունը ստորագրել են կուսակցության ընդհանուր քարտուղար Էդուարդո Ֆերնանդեսը եւ միջազգային հարաբերությունների գծով քարտուղար Մանուել Լագուարդան: Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ «1965թ-ին Ուրուգվայի Հանրապետությունը ընդունել է օրենք՝ դատապարտելով 1915 թվականի ցեղասպանությունը», եւ կոչ է արվում աշխարհին «զորակցություն հայտնել հայ ժողովրդի ճշմարտության եւ արդարության պայքարին, ինչպես նաեւ՝ Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի արդար պահանջատիրությանը»: