Թուրքական մամուլը եւ էլեկտրոնային կայքէջերը այսօր ողողված են այն լուրերով, որ այս տարվա մարտի սկզբին Թուրքիայում մեծ աղմուկ հանած 18 ամյա աղջկա սպանության համար կասկածվող Ջեմ Գարիփօղլուն, ով նրա հետ ընկերություն էր անում, ձերբակալվել է Հայաստանում։ Թերթերի մի մասը գրում է, որ Գարիփօղլուն արդեն ձերբակալվել է եւ սեպտեմբերի 12-ի երեկոյան կտեղափոխվի Թուրքիա, իսկ մյուսներում հայտնվում է, որ Գարիփօղլուն առաջիկա օրերին կտեղափոխվի Թուրքիա։ Սակայն բոլոր հրապարակումների ամենաաբսուրդային հատվածը այն է, որ Գարիփօղլուն ձերբակալվել է Հայաստանի եւ Ռուսաստանի սահմանին մոտ։ Կարիք չկա հիշեցնելու, բայց ասենք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ սահման չունի։ Թուրքական հրապարակումներում նաեւ հայտնվում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով թուրքական կողմը խնդրել է երրորդ երկրների միջնորդությունը, ովքեր դիվանագիտական հարաբերություններ ունեն Հայաստանի հետ։
NEWS.am-ը հիշեցնում է, որ թուրքական Haberturk կայքէջում հայտնվել էր երկու ընտանիքների միջեւ միջնորդի դեր ստանձնած Ջեմիլ Բարանի հայտարարությունը, որ աղմկահարույց սպանության մեջ մեղադրվող Ջեմ Գարիփօղլուն սեպտեմբերի 25-ին կհանձնվի իրավապահներին Հայաստանում։
Այս տարվա մարտին Ստամբուլի թաղամասերից մեկի աղբամանում հայտնաբերվել էր 18-ամյա Մունեւեր Քարաբուլութի դին՝ կտրված գլխով։ Սպանության մեջ կասկածվում է նրա ընկերը, ում հետ արդեն երեք ամիս ընկերություն էր անում Մունեւեր Քարաբուլութը։ Նրա ընկերը Թուրքիայում հայտնի գործարարի 18-ամյա որդին է, որի անունն է Ջեմ Գարիփօղլու։ Սպանությունից հետո ոստիկանությունը խուզարկել էր Գարիփօղլուի շքեղ եռահարկ առանձնատունը, որտեղ անզեն աչքով իսկ երեում էին սպանության հետքերը։ Հայտնի էր, որ սպանությունից հետո Ջեմ Գարիփօղլուն զանգել է հորը եւ շտապ տուն կանչել։ Այնուհետ նա փախուստի էր դիմել։ Թուրքական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Ջեմը գտնվում է Ռուսաստանում։
Իսկ, ահա, հետագայում հայտնի դարձավ, որ սպանված Մունեւեր Քարաբուլութի ընտանիքը եւ Ջեմ Գարիփօղլուի ընտանիքը միջնորդի օգնությամբ հաշտության են եկել, որի արդյունքում նրանց հաշտարար Ջեմիլ Բարանը հայտարարել էր, թե Ջեմ Գարիփօղլուն սեպտեմբերի 25-ին Հայաստանում կհանձնվի ոստիկանությանը։
Հայտնի է դարձել, որ Ջեմի ընտանիքը, որպես փոխհատուցում, Քարաբուլութի ընտանիքին կվճարի 3 միլիոն եվրո։ Մինչ այս, Ջեմի ծնողները վախենում էին, որ Քարաբուլութի ազգականները կսպանեն Ջեմին եւ հիմա, հաշտեցումից հետո համաձայնեցին իրենց որդուն հանձնել իրավապահներին։



















