Թուրքիայի Պոլսո հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Լեհաստանի Կրակով քաղաքի արքեպիսկոպոս, կարդինալ Ստանիսլավ Չիվիչի հրավերով սեպտեմբերի 5-ին մեկնել է Կրակով՝ մասնակցելու երկրորդ աշխարհամարտից 70 տարի հետո կրոնների եւ մշակույթների երկխոսության միջազգային համաժողովին, որը կազմակերպվել էր կարդինալ Չիվիչի եւ Սուրբ Էջիթ միաբանության կողմից։ Այս մասին տեղեկացնում է Պոլսո հայոց պատրիարքարանի «Լրաբեր» կայքէջը։

Համաժողովը սկսվել է սեպտեմբերի 6-ի առավոտյան՝ Սուրբ պատարագով։ Պատարագը մատուցեց կարդինալ Չիվիչը։ Արարողության ժամանակ տարբեր եկեղեցիների եւ երկրների հոգեւորականներ աղոթեցին աշխարհի խաղաղության համար։ Անգլերենով աղոթեց նաեւ Սրբազան Արամ Աթեշյանը։ Դրանից հետո երեկոյան ժամը 5-ին տեղի է ունեցել համաժողովի պաշտոնական բացումը, որին մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի ընդհանուր տնօրեն Ֆրանսուա Ռիվերին, Լեհաստանի արտգործնախարար Ռատոսլավ Սիկորսկին, Սուրբ Էջիթի միաբանության հիմնադիր Անդրեա Ռիկարդին, Լյուքսեմբուրգի դուքս Հենրին, Մոնտենեգրոյի նախագահ Ֆիլիպ Յոժանովիչը, Իսրայելի րաբունապետ Եոնա Մեծքերը եւ այլ բարձրաստիճան հյուրեր։ Համաժողովին Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ներկայացնող Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը կարդաց նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ.-ի ողջույնի խոսքը։

Արքեպիսկոպսներ Արամ Աթեշյանը եւ Նորվան Զաքարյանը սեպտեմբերի 9-ին այցելեցին Վարշավայի հայ համայնք։ Նրանք հյուրընկալվեցին Յակուբովիչ եւ Մանուկյան ընտանիքների կողմից, ապա այցելեցին քաղաքային «Հայի տուն» եւ մշակույթի կենտրոն։