Թբիլիսիում դեկտեմբերի 17-ին երկրորդ անգամ կայացել է հայկական ավանդական «Ղափամայի տոնը», հաղորդում է «Ալիք»-ը: 

Հայկական ավանդական «Ղափամա» կերակուրը եւ դդմի հետ կապված ցանկացած ուտեստ դեկտեմբերի 17-ին հնարավոր էր համտեսել Թբիլիսիի սբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում: Հերթական անգամ նշվել է  «Ղափամայի տոնը»՝ փառատոն, որին մասնակցելու համար Թբիլիսիից, եւ ոչ միայն,  մի բակում են հավաքվում հայերն ու այլոք:

Տաք թեյ, մուրաբաներ, դդմից պատրաստված տարբեր տեսակների ուտեստներ եւ օրվա գլխավոր «հերոսը»` Ղափաման ներկայացրել էին փառատոնի մասնակիցները՝ յուրաքանչյուրն իր հետ բերելով ավանդական ուտեստի իր տարբերակը: Ղափամա համտեսելու էին եկել Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագտեները,  «Թումանյանի տուն» գիտական մշակութային կենտրոնի եւ Վիրահայոց թեմի Հայարտուն կրթամշակութային կենտրոնի աշխատակիցներն ու պարզապես թբիլիսաբնակներ: Ի տարբերություն «Շուշանիկ» կանանց միության կազմակերպած մնացած փառատոնների, «Ղափամա 2017»-ն անցկացվեց առանց որեւէ մրցույթի:

Տոնն առաջին անգամ նշվել էր նախորդ տարի: Օրինակ վերցնելով Գյումրիից՝ կազմակերպությունը պահպանում է հայկական խոհանոցը, ինչպես նաեւ ավանդույթները՝ կազմակերպելով նման թեմատիկ միջոցառումներ:

Ղափամայի փառատոնին կատարումներով հանդես եկան Հայարտուն կենտրոնի մենակատարները: